ԱՐՄԱՎԻՐԻ ՑԼԱԳԼՈՒԽ ՌԻՏՈՆԸ

Հին Հայաստանի մշակույթի ուսումնասիրության համար բացառիկ նշանակություն ունեն 1962 թ. սկսած և մինչ օրս շարունակվող Արգիշտիխինիլի-Արմավիր քաղաքի պեղումները: Արգիշտիխինիլի-Արմավիրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ուրարտական շրջանում հանդիսացել է վարչական, տնտեսական և պաշտամունքային նշանակալի կենտրոն, Ուրարտուի անկումից հետո քաղաքը դարձել է Երվանդունիների հայկական թագավորության մայրաքաղաքը: Այդպիսով, հնադարյա այս քաղաքի պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել պատմական առանձին ժամանակաշրջանների մասին, այլև տեսնել այդ ժամանակաշրջանների միջև առկա կապերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը մեզ պատմեց Արմավիրից հայտնաբերված ցլագլուխ ռիտոնի մասին, որը տարբեր մշակույթների փոխներգործության արգասիք է: Այն թվագրվում է մ.թ.ա. VI-V դդ.: «Ռիտոնի իրանը գլանաձև է, դեպի դուրս շեփորաձև լայնացող շուրթով: Մակերեսը դարչնագույն է, լավ փայլեցված: Եղջերագավաթի առաջամասը ռեալիստորեն վերարտադրված ցուլի գլուխ է՝ հաստ եղջյուրներով, նշաձև, խոշոր աչքերով: Վզի վերին մասում սապատ հիշեցնող թմբանման ելուստ է: Ցուլի պարանոցը զարդարված է մանյակ հիշեցնող կետազարդով և եռանկյունաձև զարդանախշով, որի կենտրոնում տեղադրված է հեղման անցքը: Կենդանու ճակատի վրա փորագիր երկու շրջաններ են և եռանկյունաձև նշան, որոնք ցուլի սրբազանության խորհրդանիշներն են»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով`կենդանաձև կավե անոթները Առաջավոր Ասիայում և Էգեյան աշխարհում հնագույն ծագում ունեն: Բայց որպես եղջերագավաթ վերջնականապես ձևավորվում են Ուրարտուի Ասորեստանի արվեստում և կատարելագործվում Աքեմենյան դարաշրջանում: «Այդ անոթների առաջամասերը՝ պրոտոմանները, ձևավորվում էին ցլերի, քարայծերի, անգղների, խոյերի, ձիերի գլխիկներով: Հայկական լեռնաշխարհում ռիտոնի ձևը հանդես է գալիս ուրարտական դարաշրջանում. Արինբերդի թռչնագլուխ, Բաստամի եղնիկագլուխ, Արգիշտիխինիլիի օձագլուխ և այլ օրինակներով, որոնք էլ հանդիսանում են մ.թ.ա. VI-IVդդ. և հետագա դարերի կավե և մետաղե ռիտոնների նախատիպերը: Ոճական առանձնահատկություններով ներկայացվող ռիտոնը առնչվում է աքեմենյան արվեստին»,-նշեց նա:

Ռիտոնները կիրառվում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելու համար: Դրանք կապված էին պտղաբերության, գինու կամ սրբազան հեղուկի պաշտամունքի հետ: Սրբազան կենդանիների առաջամասի պատկերումով ավելի էր ընդգծվում գավաթի պաշտամունքային-ծիսական նշանակությունը:

«Այսպես, քննարկված ռիտոնի առաջամասում պատկերված է ցուլ, իսկ ցուլը երկնային համաստեղություններից մեկն է, նրա պաշտամունքը կապված էր լուսնի, ամպրոպի, կայծակի, անձրևի և պտղաբերության հետ: Չմոռանանք, որ ցուլը ուրարտական գլխավոր աստվածներից՝ Թեյշեբայի, սրբազան կենդանին էր»,-հավելեց թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատողը:

Ցլագլուխ ռիտոնը ցուցադրվել է Ֆրանսիայի Նանտի, Առլիի,Մոսկվայի Ռուսաստանի պատմության, Թեհրանի Իրանի ազգային թանգարաններում:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 23 ՀՈՒՆՎԱՐԻ