ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹԸ

Հայկական լեռնաշխարհը մետաղամշակության հնագույն բնօրրաններից մեկն է: Հայաստանում մետաղի գեղարվեստական մշակումն ունի հնագույն ավանդույթներ: Սակայն, մինչև վերջին տարիները Հայաստանի հելլենիստական դարաշրջանի տորևտիկան գրեթե անհայտ էր: Միայն շնորհիվ Գառնիի, Արտաշատի, Սիսիանի և այլ վայրերի պեղումների կամ էլ պատահաբար հայտնաբերված մետաղե մի շարք գեղարվեստական գտածոների՝ հնարավոր դարձավ ծանոթանալու անտիկ շրջանի տորևտիկային:

Այս անգամ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը ներկայացրեց Սիսիանում 1970 թ. բացված դամբարանից պեղված գավաթը (պեղումների ղեկավար՝Ժ. Խաչատրյան): Երկհազարամյա հնության դամբարանային նշանավոր այս հուշարձանը հարուստ է գիտա-մշակութային բացառիկ արժեք ներկայացնող գտածոներով:

Դամբարանից հայտնաբերված արծաթե գավաթները, թասերը և սկահակները մետաղի գեղարվեստական մշակման յուրօրինակ նմուշներ են: Հայտնաբերված գավաթներից մեկը առանձնանում է իր շքեղ հարդարանքով: Այն թվագրվում է մ.թ.ա. I դարի  կեսով: Գավաթը կիսագնդաձև է, պատրաստված է ձուլելու եղանակով, իսկ զարդանախշերը՝ փորագրված և դրվագված են: Անոթի մակերեսը փորագրազարդված է խաղողի պտուղներով ու ճյուղերով, սրածայր, տերևաձև զարդամոտիվներով և ուղղահայաց ակոսներով: Գավաթի հատակի վրա համակենտրոն շրջաններ են: Վարպետի մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ տեսանելի են նույնիսկ տերևների միջնաջղերնու երակները:

«Նմանատիպ գավաթներ հայտնաբերվել են Մարաստանում՝ Նեհավենդի մոտ (պահվում է Բեռլինի թանգարանում), և Մերձավոր Արևելքում (պահվում է Ստոկհոլմում): Սիսիանի գավաթը թեև ունի աղերսներ այս երկու գավաթների հետ, բայցև ունի որոշակի տարբերություններ: Ինչևէ կասկածից վեր է, որ նշված գավաթները ժամանակակից են իրար և նույն միջավայրի, շատ հնարավոր է, որ նույն կենտրոնի արտադրանք են»,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է արտադրության վայրին, հիմնականում ենթադրվում է Միջերկրական ծովի արևելյան ափերը, մասնավորապես Սիրիան, Փոքր Ասիան, Պերգամոնը, Հռոդոսը: Միջերկրական ծովի արևելյան ափերը հռչակված էին արծաթե թանկարժեք անոթների արտադրանքով: Թեև չի բացառվում, որ գավաթը լինի տեղական արտադրության: Դեռևս աքեմենյան շրջանում Հայաստանում գործել են զարգացած մետաղագործական արհեստանոցներ՝ հռչակված հատկապես գեղարվեստական մետաղի բնագավառում:

Ջուլիետտա Կարապետյանի խոսքով` հնարավոր է, որ դրանք պահպանել են իրենց նշանակությունը նաև հելլենիստական շրջանում, իսկ նրանց զուգահեռ ստեղծվել են նորերը: Բացի այդ, նետաբույս (sagittaria) կամ լեզվաձև զարդերը շատ տարածված էին նաև ուրարտական, ասորեստանյան և աքեմենյան շրջանի կիրառական արվեստի հատկապես գեղարվեստական կերտվածքներում:

Երկհազարամյա նրբագեղ այս գավաթը ցուցադրվել է Ֆրանսիայում՝ Նանտի, Առլիի թանգարաններում և Թեհրանի ազգային թանգարանում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 23 ՀՈՒՆՎԱՐԻ