ԴՎԻՆԻ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԹՌՉՆԱԿԵՐՊ ԳԱՎԱԹԸ

Միջնադարյան Հայաստանը Մերձավոր Արևելքի խեցեգործության, ապակեգործության առաջնակարգ կենտրոններից էր: IX դարում խեցեգործության առաջընթացը պայմանավորված էր ջնարակի տեխնիկայի լայն կիրառմամբ: Ջնարակած խեցեղենի արտադրությունը քաղաքային մշակույթ էր և ինքնին ենթադրում էր որակյալ մասնագետների, արհեստանոցների գոյություն: Խեցեգործության, ապակեգործության խոշոր կենտրոն էր նաև հայոց թվով յոթերորդ մայրաքաղաք Դվինը:

Դվինի բլուրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: IV դարից սկսած Դվինը  դարեր ի վեր հանդիսացել է Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային և հոգևոր կարևորագույն կենտրոնից մեկը: Այն իր նշանակությունը պահպանել է նաև միջնադարում: Այդ են վկայում ինչպես հայ, այնպես էլ միջնադարյան արաբ պատմագիրներ՝ Ալ-Իսթահրին, Իբն-Հաուկալը, Ալ-Մուկադդասին, որոնք հիացմունքով են նկարագրում Դվինը՝ հիշատակելով իբրև ծաղկուն արհեստների և բարիքներով լի վաճառաշահ քաղաք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը, պատմելով  Դվինի պեղումների (ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան) մասին, նշեց, որ այնտեղից հայտնաբերվել են բազմաթիվ և մեծարժեք ջնարակած խեցեղեն: «Գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի հուշկապարիկ՝ կիսակին-կիսաթռչուն, պատկերող սափորատիպ գավաթը: XIII դարով թվագրվող այս անոթը խեցեգործական արվեստի եզակի նմուշ է: Պատրաստված է ջնարակած հախճապակուց: Անոթի վրա քանդակված է նրբագեղ և արտահայտիչ կերպար. կնոջ լուսնի պես կլոր դեմքը շրջանակված է գանգուրներով, սուրմայած աչքերը, աղեղնակերպ ունքերը ընդգծում են կերպարի կանացիությունը, իսկ  գլխի թագանման գլխազարդը՝ վայելչություն է հաղորդում կերպարին: Հուշկապարիկի թևերը սեղմված են իրանին, ճոխ փետուրներով պոչը վերաճում է բուսական գալարազարդերի, մեջքի վրա աղեղ է կազմում և միանում ծոծրակին»,-ասաց Ջուլիետտա Կարապետյանը:

Թռչնի մարմնով և կնոջ դեմքով առասպելական էակները տարածված են տարբեր ժողովուրդների հավատալիքներում և ունեն հնագույն ծագում: «Այս արարածները նույնքան հմայիչ են, որքան վտանգավոր, նրանց լուսնակերպ, գանգրահեր դեմքերը լի են բարությամբ, իսկ փետրավոր մարմիններն ու ոտքերը մատնում են գիշատչի բնույթը»,-հավելեց նա: Հուշկապարիկի կերպարը տարածված էր առավելապես պարսկական առասպելաբանության մեջ: Այսպես, «բոլոր սերմերի տիեզերական ծառի» վրա թառած թռչուն-առյուծը մնաց և գոյատևեց սասանյան մշակույթում՝ իբրև Սեմիուրգ՝ մարգարե թռչուն, որ միաժամանակ բարի էր և չար իր բնույթով: Նա էր, որ հետագայում զարդարեց Սեֆյանների (XVI-XVIIդդ.) զինանշանն ու դրոշը: Կիսակին-կիսաթռչնի կերպարը տարածված էր նաև բյուզանդական և ռուսական միջնադարյան առասպելաբանությունում:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 21 ՓԵՏՐՎԱՐԻ