Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է նոր մշտական ցուցադրություն ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ Ք.Ա. IV ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ II ԿԵՍ – III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ I ԿԵՍ խորագրով:
Ք.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին ձևավորվում է Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթը, որը հայտնի է Շենգավիթյան, Կուր-արաքսյան մշակույթ անվանումներով: Այն գրավում է հսկայածավալ մի տարածք` իր մեջ ներառելով Հայկական Լեռնաշխարհը և նրա հարակից շրջանները: Այդ մշակույթի կարևորագույն օջախը Արարատյան դաշտավայրն էր:
Պեղումները ի հայտ են բերել վաղ բրոնզի դարին պատկանող ավելի քան 600 ամրոց-բնակատեղիներ, դամբարանադաշտեր: 3 –ից մինչև 15 հեկտար տարածք զբաղեցնող բնակավայրերը կառուցվել են հիմնականում հարթավայրերում և նախալեռնային ջրառատ գոտիներում: Առավել խոշորները եղել են պարսպապատ` գաղտնի մուտքերով և միջնաբերդով:
Շենգավիթ, Մոխրաբլուր, Կառնուտ, Հառիճ, Ագարակ, Էլար, Ջրաշեն, Բերքաբեր և այլ հուշարձաններից պեղված նմուշների հարուստ ու բազմազան տեսականին հաստատում է Հայաստանի տեղաբնիկների ստեղծած նյութական և հոգևոր ինքնատիպ մշակույթի ուրույն տեղը Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթության մեջ: Այս համատեքստում բացառիկ արժեք ունի Հայաստանի վաղ բրոնզեդարյան խեցեղենը՝ պատկերագրության ծիսա-հմայական բնույթով: Հարդարանքի մեջ գերիշխում են ոճավորված թռչունների և կենդանիների պատկերները, երկրաչափական զարդաձևերը, ելուստները, տարատեսակ կանթերը` արված փորագիր, գծագիր, վերադիր եղանակներով:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Շենգավիթ, Մոխրաբլուր, Կառնուտ, Հառիճ, Ագարակ, Էլար հնավայրերից պեղված ծիսական օջախներ, հենակ-պատվանդաններ, կավանոթներ, մարդակերպ, կենդանակերպ և ֆալլակերպ կավե արձանիկներ, որոնք խոսուն վկայություններ են Հայկական լեռնաշխարհի բնակիչների պաշտամունքի, ծեսի ու հավատալիքների մասին
- Եվգ. Բայբուրդյանի ղեկավարությամբ իրականացված՝ 1936 -1938 թթ. Շենգավթի առաջին պեղումների ժամանակ արված լուսանկարներ