ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ
ՀՌՈՄԻ ՎԻՏՏՈՐԻԱՆՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
(5 ՄԱՐՏ – 3 ՄԱՅԻՍ, 2015)
Հայաստանի պատմության թանգարանը 2015թ. մարտի 4-ից մինչև մայիսի 5 -ը իրականացրել է Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրում կայացած «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական քաղաքակրթությանն ու հայ-իտալական մշակութային առնչություններին:
Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարը՝ իր ելույթում Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը», նշեց, որ հայ ժողովուրդն իր հանդեպ գործած բռնություններին պատասխանել է հզոր մշակույթով, որի վկայությունը Վիտտորիանոյում կազմակերպված այս ցուցադրությունն էր:
«Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսում ներկայացվել են Հայաստանի պատմության թանգարանից՝ թվով 18 բացառիկ նմուշներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, Մխիթարյան միաբանությունից: Բացի այդ, ավելի քան 60 նմուշներ և վավերագրեր են ներկայացվել Իտալիայի վեց մշակութային հաստատությունից՝ Ճենովայի, Վենետիկի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվներից, Ֆլորենցիայի «Ռիկարդիանա» գրադարանից, Վենետիկի «Կորրեր» թանգարանից:
Վիտտորիանոյի կենտրոնական ցուցասրահում երկու ամիս տևած ցուցադրությունը կազմված էր յոթ առանձին բաժիններից, որոնց ցուցանմուշներն ու տեսանյութերը վերաբերում էին Հայաստանում քրիստոնեության ընդունմանը, խաչի պատկերագրությանը, հայ գրերի ստեղծմանը: Ներկայացված էին ձեռագիր մատյաններ, հայկական ճարտարապետության ու արվեստի նմուշներ, հայ-իտալական դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի ու պատմության հարուստ ներկայութունը փաստող վկայագրեր, ինչպես նաև առանձին սրահով Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր:
Ցուցահանդեսը լայն արձագանք գտավ իտալական լրատվամիջոցներում. առաջատար հեռուստաընկերություններն ու պարբերականները անդրադարձան այս ցուցահանդեսին՝ հրապարակվել է ավելի քան 500 հոդված:
Ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է շուրջ 100 հազար:
Ցուցահանդեսի շրջանակում հրատարակվել է երկու մասից բաղկացած կատալոգ-ալբոմ «Հայաստան. տապանի ժողովուրդ» և «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց. մի վերածնության պատմություն» խորագրերով:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունը այս ցուցահանդեսին աշխարհի հեղինակավոր հարթակներից մեկում՝ Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի հանրահռչակման և արժեվորման բացառիկ պատեհություն էր: