ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արտաշ Այվազյան

Արտաշ Այվազյան

Հավերժի ճամփորդները՝ Արտաշ Այվազյան

Արտաշ Այվազյան

Արտաշ Ռուստամի Այվազյան

( 13.09.2001 – 27.11.2020 )

Արտաշ Ռուստամի Այվազյան, վարորդ (2001 թ. օգոստոսի 13,  Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ – 2020 թ. նոյեմբեր 27, Հադրութ):

Սկզբնական կրթությունը ստացել է Վարդենիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դասարանում բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում էր Արտաշը: Արտաշն ընկերասեր էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝  փոքր: Իր բանակ գնալու մասին միշտ հպարտությամբ էր խոսում, ասում էր. «Յուրաքանչյուր տղա  պետք է ծառայի»:  2020 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Մինչ երդման արարողությունը ծառայել է Մարտունի-2-ում, հետո տեղափոխվել  Ջաբրայիլ  (Մեխակավան), 5-րդ գումարտակ, հակատանկային վաշտ, որպես վարորդ: Ծառայությունից շատ գոհ էր: Պատերազմի ընթացքում պայթեցրել են նրա  մեքենան,  և նա գումարտակի հետ անցել է հակապաշտպանության:  Պատերազմական գործողությունների ընթացքում  Ջաբրայիլից նահանջում են Հադրութ: Վերջին զանգը ընտանիքի անդամների հետ եղել է հոկտեմբերի 16-ին, ասել է, որ գտնվում է շրջափակման մեջ, սակայն գտնվելու վայրի մասին տեղեկություն չի հաղորդել: Շրջափակման մեջ իրենց 20 հոգանոց  խումբը նոյեմբերի 6-ին բաժանվում է երեք խմբի, երկու խմբում 6 հոգի, իսկ 3-րդում՝ 8: Նրանցից 6-ը կապ հաստատելով ԱԻՆ-ի հետ դուրս  են բերվում դեկտեմբերի 20-ին, մյուս 6-ը  հայտնվելով  թշնամու թիրախում զոհվում են դեկտեմբերի 27-ին: 8 հոգանոց  խմբից, որտեղ  և գտնվում էր Արտաշը, 2 հոգի գերեվարվում են: Այս ամենի մասին տեղեկություններ է հաղորդել առաջին խմբի փրկված 6 տղաներից մեկը: Նոյեմբերի 23-ին Արտաշենց խմբում  գտնվող  վիրավոր սերժանտը  զանգում է փրկարարներին  և ասում, որ իրենց օգնություն է պետք:  Փրկարարները  գտնում են նրանց տեղակայման վայրը՝ Հադրութի Տող գյուղի շրջակայքում:  Նոյեմբերի  27-ին Արտաշի հարազատները և այլ ծնողներ գնում են Ստեփանակերտ: Ծնողները, հույս ունենալով, որ ողջ կգտնեն իրենց զավակներին, իրենց հետ վերցրել են տաք հագուստ, սնունդ: Նոյեմբերի 27-ի առավոտյան Ստեփանակերտի ԱԻՆ-ից  հայտնում են, որ թշնամին 5 նոր դի է փոխանցել  հայկական կողմին: Ծնողները իմանալով գնում են դիահերձարան և գտնում են Արտաշի սառած  մարմինը: Արտաշը մահացու վիրավորվել  է թշնամու դիպուկահարի կողմից:

Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, ուզում էր  բանակից վերադառնալ, իր սեփական գործը  ստեղծել, քաղաքում տուն գնել և ամուսնանալ: Ուզում էր ատամնատեխնիկ դառնալ, ապրում էր երազանքներով ու ապագայի հետ կապված պլաններով, բայց այդ ամենը մնաց միայն երազանք:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ