title

Ազգագրական Հավաքածու

Ազգագրական հավաքածուն ներառում է XVI-XX դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։

No 1 ՖՈՆԴՈՒՄ  պահվում են ասեղնագործության և ժանյակագործության նմուշներ, ոսկեթելով և արծաթաթելով արված ձեռագործ ծածկոցներ, եկեղեցական գոգնոցներ (Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Արցախ, Վան և այլն), տարազային համալիրներ, եկեղեցական հանդերձ և քրիստոնեական պաշտամունքի ու ծեսի պարագաներ (Բարձր Հայք, Վասպուրական, Աղձնիք, Փոքր Հայք, Կիլիկիա, Սյունիք-Արցախ, Գողթն, Արարատյան հովիտ, Պարսկահայք, Երևան և այլն), հայ ոսկերչության և կիրառական արվեստի նմուշներ, երաժշտական գործիքներ (Վան, Կարին, Սեբաստիա, Կ. Պոլիս, Բայազետ, Սյունիք-Արցախ և այլն)։

No 2 ՖՈՆԴՈՒՄ պահվում են հայկական պղնձագործության փորագրազարդ, դրվագված նմուշներ` պղնձյա սկուտեղներ, թասեր, կոնքեր, ջրխմիկներ, պնակներ, եկեղեցական սպասքի պարագաներ և այլն (Թոքատ, Գողթն, Շուշի, Կարին, Վասպուրական, Ջուղա, Բայազետ, Ալաշկերտ, Շիրակ և այլն)։

No 3 ՖՈՆԴՈՒՄ պահվում են փայտափորագիր արվեստի նմուշներ, հախճապակյա առարկաներ և աշխատանքային գործիքներ (Լոռի, Գեղարքունիք, Սեբաստիա, Կարին, Իջևան, Կուտինա, Ն. Ջուղա և այլն)։

No 4 ՖՈՆԴՈՒՄ պահվում են գորգահյուս և կարպետահյուս առարկաներ` գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, խուրջիններ, աղաքսակներ, ձիու թամբի ծածկոցներ և կիրառական նշանակության այլ առարկաներ. այդ թվում` XVII-XIX դդ. վիշապագորգեր, երկրաչափական, բուսական, խառը զարդանախշերով գորգեր (Այրարատ, Բարձր Հայք, Վասպուրական, Սյունիք-Արցախ, Գանձակ և այլն)։

No 5 ՖՈՆԴՈՒՄ պահվում են կայծքարե հրացաններ և ատրճանակներ, դաշույններ, սրեր, ինչպես նաև նշանավոր անձանց պատկանող զենքեր։

No 6 ՖՈՆԴՈՒՄ պահվում են ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։

 

Հովանավորներ և աջակիցներ


>