Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որում ներկայացված են հուշարձանի տարածքից պեղված նմուշներից հարուստ մի ընտրանի։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում կարևորեց ցուցահանդեսի իրականացումը, նշելով, որ այն կարևոր հաղորդագրություն ունի իր մեջ․ շարունակել պահպանել, ցուցադրել և տերը լինել այն ժառանգության, որը հասել է մեզ դարերի խորքից։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն ընդգծեց երկու կառույցների համագործակցության կարևորությունը, թանգարանի ու գիտության միավորումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող Բենիկ Վարդանյանը, ով ակտիվ մասնակցություն ունի Լճաշենի պեղումներին, նշեց, որ և՛ գիտաժողովը, և՛ ցուցադրությունը մասն են կազմում Լճաշեն հուշարձանի հանրահռչակման աշխատանքների։

Գիտաժողովի և ցուցադրության իրականացման աջակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, Tsitron by Golden Bakery-ն։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։