Հունվարի 22-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա միջազգային բանախոսությունների շարքից ևս մեկ բանախոսություն՝ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության շրջանակներում։ Թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության արդյունքում թանգարանում կհյուրընկալվի Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը, ով հանդես կգա «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ։ Բանախոսը կներկայացնի Ք. ա․ 7-5-րդ դարերում ստեղծված և Բրիտանական թանգարանում պահվող աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզի վերաբերյալ իր բացահայտումները և հետաքրքիր մեկնաբանությունները։ Կավե սալիկի վրա պահպանված քարտեզի վրա նշված են աշխարհի հնագույն պետությունները, որոնց թվում է նաև Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։

Բանախոսության լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Մասնակցությունը՝ թանգարանի մուտքի տոմսով և մշտական ցուցադրությունների դիտման հնարավորությամբ։