Թանգարանային առարկաների վերականգնման և կոնսերվացման բաժինը հիմնադրվել է 1945թ.` մաս կազմելով այդ տարիներին Կ.Ղաֆադարյանի ղեկավարությամբ թանգարանում իրականցված մի շարք բարեփոխումների:
Բաժինն ի սկզբանե անմիջական մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հնագիտական արշավախմբերի աշխատանքների: Թանգարանի մասնագետների կողմից վերականգնվել և ամրակայվել են Լճաշենի, Արթիկի, Կարմիր բլուրի, Շենգավթի, Լոռի բերդի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներից հայտնաբերված տասնյակ հազարավոր հնագիտական եզակի առարկաներ, Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններից հավաքված ազգագրական ընդգրկուն նյութ, եկեղեցական պարագաներ և այլն: Նրանցից շատերը ներկայացված են ինչպես թանգարանում, այնպես էլ միջազգային տարբեր ցուցահանդեսներում:
Բաժնի կառուցվածքում գործող լաբորատորիաների աշխատանքային ուղղվածությունը համապատասխանեցված է ՀՊԹ հավաքածուներում պահվող առարկաների նյութերի մեծ մասին:Այդ շարքում հիմնական և գերակշռող են գրեթե բոլոր պատմական ժամանակաշրջաններին վերաբերող խեցեգործական առարկաները, հնագիտական և նոր մետաղից նմուշները: Վերականգնվում և ամրակայվում են հավաքածուներում պահվող դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները:Կարևոր մաս են կազմում հատկապես գորգերի, կարպետների, տարազային համալիրների, եկեղեցական հանդերձի վերականգնման աշխատանքները:
Հուշարձանների վերականգնման, ամբողջականացման և կոնսերվացման աշխատանքներին զուգահեռ` մեծ կարևորություն է տրվում դրանց վիճակի վերահսկողությանն ու պահպանության պայմաններին: Ցուցասրահներում ցուցադրվող նմուշների պահպանվածությունը վերահսկելու, ինչպես նաև դրանց հետագա քայքայումը որոշելու և կանխարգելելու նպատակով կատարվում են պարբերական ուսումնասիրություններ սրահներում: Ֆոնդապահոցներում պահպանվող թանգարանային առարկաների վերահսկման, կոնսերվացման անհրաժեշտությունը որոշելու ուղղությամբ էլ անց են կացվում ծրագրային տեխնիկական զննումներ, որոնց ընթացքում արձանագրվում է առարկաների ֆիզիկական վիճակին վերաբերող հիմնական տեղեկությունը:
Վերականգնման բաժինը ՀՊԹ հավաքածուների պահպանման և վերականգնման աշխատանքներից բացի աշխատանքներ է տանում ՀՀ այլ թանգարանների, ինչպես և մասնավոր հավաքածուներից նմուշների վերականգնման և կոնսերվացման ուղղությամբ:
Իր գործունեության ընթացքում բաժինը համագործակցել է Ռուսաստանի (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Ֆրանսիայի (Վիեն, Նանտ), Հոլանդիայի (Լեյդեն, Զյութֆեն) և այլ առաջատար ռեստավրացիոն կենտրոնների հետ:Բաժնի աշխատակիցները մասնակցում են միջազգային սեմինարների, վերապատրաստման դասընթացների: