ԱՐՑԱԽԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 16 ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՑ
Ամերիկայի Հայկական թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը, հավատարիմ մնալով հայոց ազգային մշակույթի մեծարժեք ժառանգությունը հավաքագրելու, պահպանելու, ուսումնասիրելու և տարածելու առաքելությանը, իրենց ուշադրության կիզակետում են պահում Արցախի հազարամյա պատմամշակութային հարստության ներկայացումն աշխարհին։
Երկու թանգարանների համատեղ կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է Արցախի` հազարամյակներից սերվող հնագիտական, միջնադարյան և նորագույն ժամանակաշրջանի հոգևոր և նյութական ժառանգությունը վերհանելն ու ցուցադրելը։ Առցանց ձևաչափով միավորելով հայկական մի քանի թանգարանների հավաքածուները մեկ հարթակում` ներկայացնում են Արցախի մշակութային հարստությունը։
Այս համագործակցությունը կամրջել է 16 հայկական թանգարաններ, որոնք տարիների ընթացքում ամբարել են հայոց մշակույթի ու պատմության խոսուն վկայությունները և իրենց կարևոր դերակատարումն ունեցել այդ արժեքները պահպանելու և ուսումնասիրելու գործում։
Արցախը և Ուտիքը, լինելով Մեծ Հայքի արևելյան նահանգները, իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հազարամյա բազմաշերտ հայ մշակույթի կերտման գործում։ Արցախի մշակույթի յուրօրինակ և զարգացող շարունակականությունն այստեղ ներկայացվում է հազարամյակների դիտակետից։ Ցուցադրվում են պալեոլիթյան և բրոնզեդարյան իրեր, Արցախին բնորոշ եզակի քարակոթողներ, զենքեր, խեցեղեն, զարդեր և պաշտամունքի առարկաներ, ինչպես նաև միջնադարյան վաղագույն ձեռագրեր, գորգեր, տարազներ, վաղ շրջանի տպագիր գրքեր, ամսագրեր և լուսանկարներ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը գրավել է Արցախում մեծ թվով հայկական բնակավայրեր, այդ թվում՝ 12 թանգարան և մասնավոր հավաքածու։ Այդ թանգարաններում պահվող հավաքածուների ճակատագիրն անհայտ է։
Արցախի գանձերը՝ ՄԱՍ I
Արցախ՝ հնագույն բնակեցված տարածաշրջան. պալեոլիթից – երկաթի դար
Արցախի գանձերը՝ ՄԱՍ II
Տիգրանակերտ. Տիգրան Մեծի քաղաքներից մեկը
Արցախի գանձերը՝ ՄԱՍ III
Արցախի մասունքները ( Արցախը միջնադարում )
Արցախի գանձերը՝ ՄԱՍ IV
Արցախը 19-ից 21-րդ դարերում
Մասնակից թանգարաններն են՝
«Ալեք և Մարի Մանուկյան» թանգարան (Դետրոյթ)
Ամերիկայի Հայկական թանգարան (Բոստոն)
Արարատ Էսքիջյան թանգարան (Լոս Անջելես)
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան (Ստեփանակերտ)
Համազգային Հայագիտական Միութիւն (Բոստոն)
Հայաստանի ազգային գրադարան (Երևան)
Հայաստանի պատմության թանգարան (Երևան)
Հայկական Լուսանկարներու Պահպանման Արխիւային Ծրագիր (Բոստոն)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Երևան)
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիա» թանգարան (Անթիլիաս)
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան (Երևան)
Պատմաերկրագիտական թանգարան (Մարտակերտ)
Վաչե և Թամար Մանուկյան Մատենադարան (էջմիածին)
Վենետիկի Մխիթարյան միաբանություն (Վենետիկ)
Վիեննայի Մխիթարյան միաբանություն (Վիեննա)
Ցուցադրության համադրողներն են ԱՀԹ այցելու- գիտաշխատող պ.գ.թ․ Ալիսա Դումիկյանը, ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն պ.գ.թ․ Նժդեհ Երանյանը՝ ԱՀԹ կուրատոր՝ Գարի Լինդ-Սինանյանի մասնակցությամբ: