Ղարաբաղյան շարժման 35 ամյակ
Հայաստանի համար «վերակառուցման» ժամանակաշրջանը բարդ էր ու դրամատիկ: Արցախահայությունը, ոգեշնչված «վերակառուցման» արմատական փոփոխություններով, կրկին բարձրացրեց դեռևս 1920-ական թվականներից ծխացող Ղարաբաղյան հիմնախնդիրը, որը վաղուց դադարել էր սոցիալ-տնտեսական խնդիր լինելուց և պահանջում էր քաղաքական լուծում:
Ստեփանակերտում կայացավ առաջին զանգվածային հանրահավաքը՝ ուղղված ադրբեջանական բռնատիրության դեմ` պահանջելով ԼՂԻՄ ղեկավար մարմիններից ընդունել մայր Հայաստանի հետ վերամիավորվելու մասին որոշում: Ողջ հայ ժողովուրդը սատար կանգնեց Արցախի իր հայրենակիցների արդար պահանջին: Արցախյան շարժման ընթացքում ժողովրդական զանգվածները գնում էին առջևից, իսկ ղեկավարությունը՝ շարժման հետևից: Ժողովուրդն ընտրեց իր շարժման ղեկավարներին, և շարժումը ստացավ կազմակերպված բնույթ՝ չտրվելով սադրանքների և շարունակեց ազգային շահերի իրականացման համար արդարացի պայքարը:
Եթե սկզբնական շրջանում Արցախյան շարժումն ուներ զուտ ազգային բնույթ, ուղղված չէր կոմունիստական վարչակարգի դեմ և պահանջում էր Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի կենսագործումը՝ որպես պատմական արդարության վերականգնմանը նպատակաուղղված քայլ, ապա իրադարձությունների հետագա զարգացման թելադրանքով այն հետզհետե դուրս բերվեց պատմական իրավունքի և պահանջատիրական հարթությունից՝ ներկայացվելով որպես ժողովրդավարության մաս կազմող ինքնորոշման իրավունքի քաղաքական հարց: Դրան զուգընթաց՝ օրակարգում դրվեցին ամենալայն ժողովրդավարական խնդիրներ՝ առաջին տեղում պահելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Ղարաբաղյան շարժումն աստիճանաբար ազգայինից վերածվեց ազգային-ժողովրդավարականի: Սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջին պլան մղեցին ազգային, անկախ պետականության վերականգնման խնդիրը:
Ցուցադրության նպատակն է 35 տարվա հեռավորությունից ներկայացնել Ղարաբաղյան շարժման պատմությունը։
Օգտագործվել են լուսանկարներ և փաստաթղթեր ինչպես Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերից, այնպես էլ անհատ ուսումնասիրողների արխիվներից: