Հայաստանի Հանրապետության բանակի ակունքներում
Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը կենսունակ, որն ունի կարգապահ և մարտունակ բանակ: Դեռ Հայաստանի առաջին հանրապետության պետականության կայացման հիմքում ընկած էր սեփական ազգային բանակի ստեղծումը: Անկախության 2,5 տարիներին ունեցել ենք չորս ռազմական նախարարներ՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան /1873-1937/, գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան /1876-1937/, Ռուբեն Տեր Մինասյան /1882-1951/, Դրաստամատ Կանայան (Դրո) /1883-1956/: Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա: Կարսում ստեղծվել էր ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել էին Ֆրանսիայից բերված օդանավեր, իսկ 1920թ. սեպտեմբերին Սևանա լճում փորձարկվեց «Աշոտ Երկաթ» ռազմանավը։
1919 թ. մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920թ. հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները:
Առաջին հանրապետության անկումից հետո հայերը շարունակեցին աչքի ընկնել ռազմական գործում խորհրդային բանակի կազմում։ Հայ զինվորականները նշանակալի մասնակցություն ցուցաբերեցին Երկրորդ Աշխարհամարտին (1939-1945) ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և դաշնակից այլ երկրների բանակների ու պարտիզանական ջոկատների կազմում: Պատերազմի առաջին շրջանից կազմավորվեցին 76-րդ լեռնահրաձգային, 408-րդ, 409-րդ, 89-րդ 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները: «89-րդ Թամանյան» դիվիզիան` Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ, Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 109 հայորդիներ, ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից: Հայ ժողովրդի հպարտությունն են պատերազմի բովով անցած մարշալները՝ Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը, Սերգեյ Ագանովը, գեներալները, «Փառքի» 3 շքանշանների ասպետները և այլն:
Հայաստանի անկախացումից ամիսներ անց՝ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում`դրանով ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը։
Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:
Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր երդում տվեց: Բանակաշինության գործում էական էր խորհրդային բանակում նախկինում ծառայած բարձրակարգ մասնագետների ներգրավումը, ինչպիսիք էին Ա. Տեր-Թադևոսյանը, Ք. Իվանյանը, Գ. Դարիբալթայանը, Ն. Տեր-Գրիգորյանցը և շատ ուրիշներ: Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և նրան հաջորդած նախարարների դերը: Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց: Բանակաշինության ու Արցախյան ազատամարտի հաղթանակում մեծ էր նաև Մ. Մելքոնյանի, Ս. Բաբայանի, Լ. Ազգալդյանի, Ժ. Սեֆիլյանի, Պ. Ղևոնդյանի, Ա. Ղուլյանի, Գ. Ստեփանյանի, Ա. Ղարիբյանի և բազմաթիվ այլ նվիրյալների դերը: Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնմանը զուգահեռ և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումն ու անվտանգության երաշխիքը։
Բանակի ակունքներում՝ ՄԱՍ I
ԲԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Բանակի ակունքներում՝ ՄԱՍ II
ԲԱՆԱԿԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Բանակի ակունքներում՝ ՄԱՍ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ