Արցախի գանձերը՝ ՄԱՍ II
Տիգրանակերտ. Տիգրան Մեծի քաղաքներից մեկը
Հայոց արքա Տիգրան II Մեծը (մ.թ.ա. 95-55) իր անունով քաղաքներ է հիմնել Մեծ Հայքի տարբեր նահանգներում (Աղձնիք, Ուտիք, Գողթանի գավառ), սակայն մինչ այժմ հնագետների կողմից ուսումնասիրվել է միայն Արցախում հիմնադրած քաղաքը։
Արքան կառուցել է քաղաքը մ.թ.ա 90-ականների վերջին։ Զբաղեցնելով ավելի քան 70 հա տարածք՝ քաղաքը սփռված է եղել Վանքասար լեռան լանջին և Խաչենագետի աջ ափին գտնվող հարթավայրում։ Տիգրանակերտը ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն լեռնաշխարհի պաշտպանական համակարգում։ Վաղ քրիստոնեական ժամանակներում այն շարունակել է մնալ խոշոր ռազմական, վարչական և կրոնական կենտրոն և գոյություն է ունեցել մինչև 13-րդ դարի վերջ։