ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դրամագիտական հավաքածու

Դրամագիտական հավաքածու

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

1921 թվականին թանգարանի հիմնադրմանը հետևած սկզբնական շրջանում հին դրամները կազմել են թանգարանային առարկաների չնչին մասը։ Հաջորդ տասը տարիների ընթացքում կատարվել են դրամագիտական առաջին խոշոր «ներարկումները»։ 1922թ. Ե. Լալայանի ջանքերով Թբիլիսիից բերվել և թանգարանին են հանձնվել ժամանակին իր իսկ կողմից հիմնված Կովկասի Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հարուստ նյութերը, որոնց թվում նաև՝ դրամների արժեքավոր ժողովածու։ Նույն թվականին Երևան են տեղափոխվել Մոսկվայի Արևելյան Լեզուների Լազարյան Ճեմարանի թանգարանային հավաքածուները, որոնց մի զգալի մասը կազմում էին հին դրամները։ 1926թ. թանգարան բերված Անիի Հնադարանի նյութերի մեջ կային շուրջ 1700 դրամ։ Խոշոր համալրումների շարքից են նաև 1929-1931թթ. թանգարան փոխադրված Էջմիածնի Պետական Թանգարանի դրամագիտական ժողովածուն և 1931թ. Հնությունների Պահպանության Կոմիտեի դրամագիտական նյութերը՝ կազմված հողային աշխատանքների ժամանակ կատարված պատահական դրամագյուտերից, որոնք հանրապետության քաղաքացիները նվիրել կամ վաճառել էին կոմիտեին։ Թանգարանը ևս կատարում էր, այժմ էլ կատարում է հին դրամների գնումներ։ Այդ տարիներին հայտնվեցին նաև առաջին նվիրատուները։

1960-1980-ականներին Սփյուռքի տասնյակ անհատների և կազմակերպությունների շնորհիվ թանգարանն ունեցավ Կիլիկիայի հայկական թագավորության դրամների հրաշալի ժողովածուն, համալրվեցին հին հունական, հին հայկական, հռոմեական, պարթևական, արաբական, բյուզանդական, ինչպես նաև մեդալների ժողովածուները։ 1700-ից ավելի նվիրատուներ՝ Հայաստանից և Սփյուռքից դարձան դրամագիտական ազգային ժողովածուի ստեղծման մասնակիցներ։

1930-ականներին Հայաստանում սկսվեցին հնագիտական սիստեմատիկ պեղումները։ Դվինի պեղումներից հայտնաբերված կամ արշավախմբի կողմից շրջակա գյուղերի բնակիչներից հավաքած հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը։ Սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։

Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը՝ հայտնաբերված պատահականորեն, իսկ ավելի հազվադեպ՝ հնագիտական պեղումների ընթացքում: Հատկապես նշանավոր են Սառնակունքի՝ հելլենիստական արծաթե դրամների 1945թ., Սիսիանի՝ սասանյան և արաբական արծաթե դրամների 1986թ., Նորաշենի՝ բյուզանդական ոսկե դրամների 1979թ., տասնյակ արաբական, սելջուկյան, մոնղոլական, ուշպարսկական, ռուսական, թուրքական, արևմտաեվրոպական Օհանավանք, 1937թ. դրամների գանձերը։

ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Թղթադրամների և նամականիշների առաջին մեծաքանակ ժողովածուները ստացվել են 1920-ական թվականներին, երբ Պետական Բանկը և Կենտրոնական Փոստը շրջանառությունից դուրս եկած թղթադրամները և նամականիշները հանձնեցին Հայաստանի պատմության թանգարանին։ Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է XVIII-XX դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։

ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թթ. թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության` 1921-1923 թթ. թողարկումները` ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները` 1992թ-ից ի վեր։ Ժողովածուի մեջ են XIX-XX դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Ժողովածուն ընդգրկում է XVII դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ։ Առանձնապես հետաքրքիր են հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում XVI-XX դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։