Մարտի 4-ին՝ ժամը 18:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Դրամը և կնիքը անտիկ շրջանի դամբարանային ծեսում» թեմայով։
Բանախոսությամբ հանդես կգա պ.գ.թ., Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը:
Բանախոսության ընթացքում կներկայացվեն Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղման ծեսում դրամների, կնիքները կիրառման խորհուրդը, դամբարաններում հայտնաբերվող դրամների հիմնական խմբերը։ Դրամների նշանակությունը ծեսում կապվում է դրանց՝ որպես առատության, բարեկեցության, հարստության խորհրդանիշ լինելու հետ։
Կնիքները հաճախ առնչվում են թաղվածի կարգավիճակին։ Կնիքների և դրամների ուսումնասիրությունը թաղման ծեսի համատեքստում լրացնում է մեր նախնիների և նրանց հարևանների՝ անդրշիրիմյան աշխարհի, հավերժական կյանքի մասին առասպելաբանական պատկերացումները։