“Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա”

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 24-ը կայանալիք “Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա” միջազգային ցուցահանդեսին:

Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազդեցություններից Ք.ա. I հազարամյակում: Ցուցահանդեսում կներկայացվի 200 նմուշ, որոնցից 120-ը Բրիտանական թանգարանի հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և Նիկոզիայի հայտնի թանգարաններից:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար որպես բացառիկ և արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունը այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է: