ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանի երախտավորները

Թանգարանի երախտավորները

Երվանդ Լալայան (1864-1931)

ազգագրագետ, հնագետ, բանահավաք

թանգարանի հիմնադիր տնօրեն (1919-1928)

1921- 22 թթ. Երվանդ Լալայանի ջանքերով Երևան տեղափոխվեց Թիֆլիսում գործող Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հայագիտական գրադարանը և հնագիտական-ազգագրական հավաքածուն որը հանդիսացավ ոչ միայն Հայաստանի պատմության թանգարանի հիմքը, նշանավորեց նրա փաստացի ծնունդը, այլև կանխորոշեց նրա գործունեության բնույթն ու հետագա ընթացքը:

Թորոս Թորամանյան (1864-1934)

հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր

թանգարանի ճարտարապետության բաժնի վարիչ (1930-1934)

Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի մեջ անգնահատելի է լուսապակի-նեգատիվների մասնաբաժինը, որը ձևավորվեց շնորհիվ Թորոս Թորամանյանի: Նրա նախաձեռնությամբ թանգարան բերվեց 12. 000 նեգատիվ, որոնք հայոց աշխարհի, մշակույթի ու արվեստի  անուրանալի հիշատակարաններն են:

Երվանդ Շահազիզ (1856-1951)

բանասեր, հայագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ

թանգարանի պատմագրական բաժնի վարիչ (1922-1931)

1922 թվականին Երվանդ Շահազիզի ջանքերով Երևան տեղափոխվեցին հնագիտական, ազգագրական եզակի նմուշներ՝ խաչեր, գրակալներ, վիմագիր արձանագրություններ, հին ձեռագիր մատյաններ, հիմնականում նաև հայ գրողների արխիվներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, Նոր Նախիջևան քաղաքի պատմության, գրական, հասարակական կյանքին վերաբերող նյութեր, որոնց հիման վրա ստեղծվեց թանգարանի պատմագրական բաժինը:

Աշխարհբեկ Քալանթար (1884-1942)

հայագետ, հնագետ, պատմաբան

1918թ. պատերազմական թոհուբոհի մեջ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով և նախաձեռնությամբ կազմակերպվեց Անիի հնադարանի ժողովածուի փրկությունը: Սակայն ժողովածուի փոխադրումը որոշ հանգամանքների պատճառով կիսատ մնաց, միայն 1926 թվականին այն տեղափոխվեց Երևան՝ Հայաստանի պատմության թանգարան` դառնալով հիմնադիր հավաքածուի անբաժանելի մասը, մեր պատմության ու մշակույթի փաստացի առհավատչյան: