Մայիսի 20-ից Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն կունենաք տեսնելու «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար» խորագրով մշտական ցուցադրությունը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Ք․ ա․ 35-13 դդ․ արվեստի բարձրարժեք նմուշներ՝ արձանիկների խմբեր, գեղաքանդակ զենքեր և զարդեր, ծիսական խեցանոթներ, որոնք հայտնաբերվել են Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից և այլ հնավայրերից։ Դրանք փաստում են, որ դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանից սկսած Հայկական լեռնաշխարհում ստեղծվել է նյութական և հոգևոր բարձրարվեստ մշակույթ, զարգացած են եղել տնտեսական և մշակութային կյանքը, արհեստներն ու միջազգային առևտուրը, մետաղագործությունը, այդ թվում մետաղի գեղարվեստական մշակումը, փայտամշակությունը, խեցեգործությունը և այլն։