Ինչպե՞ս էր դրսևորվում կնոջ պաշտամունքը մեր թվարկությունից առաջ, ինչպե՞ս էր նա պատկերվում, ինչպիսի՞ն էր «Մեծ մոր» կերպարը․ այս և մի շարք այլ հարցերի գիտականորեն հիմնավորված պատասխանները կհնչեն «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող հերթական բանախոսության ընթացքում։
Բանախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին։
Թեմա` «Կնոջ պաշտամունքը և պատկերման եղանակները Հայաստանի բրոնզի և երկաթի դարերում»
Բանախոս` ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ․գ․թ․ Բենիկ Վարդանյան
Բանախոսը կներկայացնի ծիսական գործողությունների վայրերը, դրանցում օգտագործված իրերը, պատկերագրական տվյալները, վաղ բրոնզեդարյան արձանիկները (մ․թ․ա․ 35-24-րդ դարեր), դիցուհու պաշտամունքն ու պատկերագրությունը միջին բրոնզի դարում, «Մեծ մոր», օջախի պահպանման և պտղաբերության հովանավոր դիցուհու կերպարն ուշ բրոնզի դարում (մ․թ․ա․ 15-13-րդ դարեր), ինչպես նաև երկաթի դարի վաղ շրջափուլին վերագրվող տաճարական համալիրները, երկաթեդարյան դամբանադաշտերի կանացիակերպ կուռքերը, Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններից (Այրում, Պառավաքար) գտնված բրոնզե մանրաքանդակները։
Բանախոսության ավարտից հետո մասնակիցները կդիտեն «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։