Մարտի 11-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը. ներածական դրույթներ» թեմայով։
Բանախոսությամբ հանդես կգա պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը:
Տարբեր դարաշրջանների թաղման կառույցները, դրանցում կատարված հուղարկավորումները և ուղեկցող գույքն անգնահատելի տեղեկություններ են հաղորդում տվյալ ժամանակաշրջանի հասարակության նյութական և հոգևոր մշակույթի վերաբերյալ: Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղման տարատեսակ կառույցների (հիմնահողային, սալարկղային, քարարկղային և այլ) շարքում կարասային թաղումները գերիշխող են դառնում: Այս թաղումները ուշ հելլենիստական շրջանում գրավում են ընդարձակ մի տարածաշրջան, ներառելով նաև Անդրկովկասը, ընդհուպ մինչև Կուր գետ՝ տարբեր տարածքներում ձեռք բերելով որոշակի առանձնահատկություններ:
Բանախոսության ընթացքում կներկայացվեն կարասային թաղման ծեսը, բնութագրական գծերը և տարածման արելը: Հատուկ անդրադարձ կարվի Արցախի Տիգրանակերտի, ինչպես նաև տարածաշրջանի այլ բնակավայրերից վերջին տարիներին հայտնաբերված կարասային թաղումներին: