ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուները ձևավորվել են դեռ 1920-ական թթ. և սկզբնական շրջանում առավելապես կազմավորվել են արդեն 1908 թ. գործող Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության թանգարանի, Նոր Նախիջևանի թանգարանից բերված հավաքածուների, Վաղարշապատի թանգարանից փոխանցված, Անիի հնադարաններից փրկված, Հնությունների պահպանության կոմիտեի կողմից ստեղծված և այլ հավաքածուների հիման վրա։ 1930-ական թթ. սկզբին տեղի է ունեցել այսպես կոչված «հավաքածուների զտում»՝ նախապատվություն տալով ցուցադրական պահանջներից բխող սիստեմատիկ և ծրագրավորված հավաքածուների ձևավորմանը նպատակաուղղված աշխատանքներին՝ հատկապես հնագիտական պեղումների, ազգագրական գիտարշավների եղանակով։ 1940-ական թթ. նաև ակտիվանում են նվիրատվությունների միջոցով հավաքածուների համալրումը, և հատկապես սփյուռքահայերի կողմից կատարված մեծածավալ նվիրաբերությունների շնորհիվ հարստանում են թանգարանի ազգագրական և դրամագիտական հավաքածուները, նոր և նորագույն շրջանի պատմության հուշային և փաստաթղթային նյութերը։ 1950-ական թթ. թանգարանն իրավունք է ստանում նաև գնումների միջոցով համալրել իր հավաքածուները։
Այսօր Հայաստանի պատմության թանգարանն ունի 400 000-ից ավելի միավորից կազմված հավաքածու, որի զգալի մասը հնագիտական հավաքածուներն են, ապա դրամագիտական և ազգագրական, փաստավավերագրական բնույթի հավաքածուները։ Հնագիտական ու դրամագիտական հավաքածուները հիմնականում համալրվում են պեղումներից ստացված առարկաների, ինչպես նաև գնումների և նվիրատվությունների միջոցով, իսկ ազգագրական և փաստավավերագրական նյութերը՝ առավելապես նվիրատվությունների ու գնումների միջոցով։ Նախորդ դարի մի տևական ժամանակահատվածում թանգարանն ուներ իր հնագիտական արշավախմբերը, որոնք ծրագրավորված հավաքչական գործունեություն էին իրականացնում՝ հիմնված թանգարանի գիտական ու ցուցադրական կարիքների վրա, որը ցավոք, 1970-ական թթ. հիմնականում չշարունակվեց։ Արդյունքում, թանգարանի հավաքածուները համալրվեցին ոչ ներդաշնակ, հաճախ առանձին պատմական փուլերի ու թեմաների վերաբերյալ առավել մեծածավալ ու բազմազան, իսկ որոշ դեպքերում միատարր ու փոքրածավալ հավաքածուների ձևավորմամբ։ Վերջին տարիներին թանգարանը շարունակել է կիրառել հավաքածուների համալրման գրեթե բոլոր եղանակները, ակտիվ համագործակցել ու համատեղ միջոցառումներ կազմակերպել տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ։ Սակայն հավաքածուների կանոնավոր ու նպատակային համալրման ու գիտական ու ցուցադրական թանգարանային պահանջմունքների բավարարման աշխատանքների ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Այս առումով հավաքածուների համալրման առավել նպատակային միտումներից է այսօր հանրության իրազեկումն ու համագործակցված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև պետական միջոցներով առավել նպատակային գնումների իրականացումը։
Թանգարանի հավաքածուների համալրման համար անշուշտ կարևոր են Հայաստանին առնչվող թանգարանային նշանակության բոլոր արժեքավոր առարկաները։ Սակայն թանգարանում պատմական բոլոր ժամանակահատվածների, հայ ժողովրդի ինքնության ու առանձնահատկությունների համակողմանի ներկայացման համար թանգարանը առավելություն է տալիս.
- Երվանդական, Արտաշեսյան,Արշակունյաց, Բագրատունյաց շրջանի Հայաստանին վերաբերող գրավոր ու իրային բոլոր տիպի աղբյուրներին ու հնագիտական արժեքներին։
- Կիլիկյան Հայաստանի պետականությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող բոլոր տիպի գրավոր ու իրային աղբյուրներին ու մշակութային արժեքներին։
- Հայկական գաղթօջախների և հատկապես Սփյուռքի պատմությանը վերաբերող տարաբնույթ հավաքածուներին։
- Հայաստանի տարբեր պատմաշխարհագրական շրջաններին, հատկապես Արցախին, Նախիջևանին վերաբերող ազգագրական, նոր և նորագույն պատմությանը վերաբերող առարկաներին։
- Հայաստանի նոր և նորագույն շրջանին վերաբերող փաստաթղթերին, բնօրինակ լուսանկարներին, ձայնագրություններին և տեսաֆիլմերին, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներին և իրադարձություններին վերաբերող իրային նմուշներին։