ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ I

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ I

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ I

ԱՐՑԱԽԻ  ՀԻՄՆԱՀԱՐՑԻ  ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից՝ Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության դեմ: Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է Ժողովրդին: 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմն Ադրբեջանի կողմից խախտվել էր բազմիցս, և այս անգամ այն համակարգվում էր Թուրքիայի կողմից, որն Ադրբեջանին անմիջական ռազմական աջակցություն էր ցուցաբերում, ներառյալ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների հավաքագրումը և տեղափոխումը։ Արդյունքում՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 3825 զոհ, բազում վիրավորներ և ռազմագերիներ, տարածքային կորուստներ․․․ 2020 թ. նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որի 1-ին կետով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Հայտարարությամբ նախատեսվեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի տեղակայում:

Արցախ, 2020 թ․, Լուսանկարիչ՝ Սիփան Գյուլումյան

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ավելի քան 2000 հայկական պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում ամրոցներ, եկեղեցիներ, խաչքարեր, կամուրջներ, գերեզմաններ,  մենաստանային համալիրներ և թանգարաններ։ Այդ կոթողները Ադրբեջանի կողմից կամ ոչնչացվում են, կամ նենգափոխվում ու կեղծվում է դրանց պատմությունը։ Նպատակը մեկն էր Արցախի Հանրապետության  մեծ մասի օկուպացված տարածքում ոչնչացնել հայկականության հետքերը։

Սակայն 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության դեմ սկսեցին նոր պատերազմ՝ ցեղասպանության դրսևորումներով։ Պետական մակարդակով հայերի նկատմամբ իրականացվեցին էթնիկ զտումներ, որին նախորդել էր Արցախի Հանրապետության 9-ամսյա ամբողջական պաշարումը։ 2023 թ․ վերջին Արցախի Հանրապետության տարածքը հարկադրաբար լքել են 120 000-ից ավել մարդ:

Հավերժ Փառք հայրենիքի համար կյանքը տված հայ մարտիկներին․ նրանք իրենց կյանքի գնով մեզ նվիրեցին այս կյանքը:

Էդուարդ Զոհրաբյան

ԵՊՀ, պատմ․ ֆակ․, Հայաստանի հարակից  երկրների պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ

Մեծ Հայքի Արցախ աշխարհում հայերն ապրել, արարել, հայրենի հողը շենացրել, պատմաճարտարապետական կոթողներով  ու նախնիների գերեզմաններով սրբագործել են անհիշելի ժամանակներից։ Արցախ նահանգը մշտնջենապես եղել է ոչ միայն հայոց հայրենիքի, այլև պետականության անընդհատականության խորհրդանիշներից մեկը։

Անտիկ հունա-հռոմեական պատմիչների տեղեկությունների համաձայն պատմական Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը եղել է Կուր գետը[1]։  Նույն առնչությամբ հիշատակվող Արցախը անվանվել է Օրխիստենե։ Ք․ա․ I դարի հույն աշխարհագրագետ,   փիլիսոփա,  պատմիչ Ստրաբոնը, հատկանշելով արցախահայության ըմբոստ ու մարտնչող ոգին, գրել է․ «Կա նաև Փավենեն՝ Հայաստանի նահանգը, նաև Մոնիսենեն, նաև Օրխիստենեն,  որը հանում է ամենամեծաքանակ հեծելազորը[2]»։

Հանրահայտ «Աշխարհացույց» աշխատության համաձայն  Արցախն իր 12 գավառներով    կազմում էր Մեծ Հայքի    տասներորդ նահանգը, որտեղ կառավարող նախարարական տների ներկայացուցիչները, ըստ Մ․ Խորենացու սերում էին Հայկ նահապետի սերունդներից։

Էդուարդ Զոհրաբյան

ԵՊՀ, պատմ․ ֆակ․, Հայաստանի հարակից  երկրների պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ

Մեծ Հայքի Արցախ աշխարհում հայերն ապրել, արարել, հայրենի հողը շենացրել, պատմաճարտարապետական կոթողներով  ու նախնիների գերեզմաններով սրբագործել են անհիշելի ժամանակներից։ Արցախ նահանգը մշտնջենապես եղել է ոչ միայն հայոց հայրենիքի, այլև պետականության անընդհատականության խորհրդանիշներից մեկը։

Անտիկ հունա-հռոմեական պատմիչների տեղեկությունների համաձայն պատմական Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը եղել է Կուր գետը[1]։  Նույն առնչությամբ հիշատակվող Արցախը անվանվել է Օրխիստենե։ Ք․ա․ I դարի հույն աշխարհագրագետ,   փիլիսոփա,  պատմիչ Ստրաբոնը, հատկանշելով արցախահայության ըմբոստ ու մարտնչող ոգին, գրել է․ «Կա նաև Փավենեն՝ Հայաստանի նահանգը, նաև Մոնիսենեն, նաև Օրխիստենեն,  որը հանում է ամենամեծաքանակ հեծելազորը[2]»։

Հանրահայտ «Աշխարհացույց» աշխատության համաձայն  Արցախն իր 12 գավառներով    կազմում էր Մեծ Հայքի    տասներորդ նահանգը, որտեղ կառավարող նախարարական տների ներկայացուցիչները, ըստ Մ․ Խորենացու սերում էին Հայկ նահապետի սերունդներից։

Արշակունյաց հայոց թագավորության անկումից հետո՝ 428-451 թթ․ ընթացքում Մեծ Հայքի արևելյան  երկու խոշոր նահանգները՝ Ուտիքն ու Արցախը Սասանյան Պարսկաստանի կողմից անջատվեցին Հայաստանից և միացվեցին Աղվանքի թագավորությանը։ Այդ շրջանում   հայկական լեռնաշխարհում    ձևավորված առաջին պետական միավորումը V դարի վերջում  Արցախում Առանշահիկների տոհմից սերված  Վաչագան   Բարեպաշտի գլխավորությամբ     ստեղծված թագավորությունն էր[3]։  Վաչագան   Բարեպաշտի գահակալությունը նշանավորվեց պետականաշինության ուսանելի օրինակներով՝ աշխարհում առաջիններից մեկը,  իսկ հայոց մեջ առաջին անգամ Արցախում   ընդունվեց սահմանադրություն՝ «Սահմանադրություն կանոնական»-ը։

Թե Բագրատունիների հայկական թագավորության և թե Զաքարյանների իշխանապետության ժամանակաշրջանում Արցախը հայոց պետականությունների մաս էր կազմում։  XIII դարի հյուսիս-արևելյան Հայաստանի ամենանշանավոր պետական միավորներից էր Արցախ- Խաչենի թագավոր, իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլայի իշխանությունը, որը հայկական պետականության, ազգային մշակույթի և հոգևոր կյանքի կենտրոն էր։

XIII-XV-րդ դարերում Արցախը Հասան-Ջալալյանների  թագավորական-իշխանական  տոհմի գլխավորությամբ, դիմակայելով եկվորների ճնշումներին և պահպանելով երկրամասի պետական ինստիտուտների    կենսունակությունը,  երբեմն  գտնվել է բացարձակ անկախ[4], իսկ երբեմն էլ հարաբերականորեն անկախ կարգավիճակում [5]։

Նույնատիպ կարգավիճակով Արցախը շարունակել է պահպանել իր գոյությունը կառավարման մելիքական համակարգի միջոցով։ Մելիքներն ունեին զորք պահելու, արդարադատություն իրականցնելու, հարկեր  հավաքելու և հոգևոր     գործերին միջամտելու  իրավունք[6]։

1736 թ․ Իրանի Նադիր շահը    ճանաչել և վերահաստատել է Արցախի մելիքների ինքնիշխանությունը, ստեղծելով նոր պետական կազմավորում «Խամսայի մելիքություններ» անունով։

Ռուս-պարսկական 1804-1813թթ․ պատերազմն ավարտվեց  Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի պայմանագրով, որով Արևելյան Հայաստանի որոշ տարածքներ՝ այդ թվում Ղարաբաղի խանությունն անցան Ռուսական կայսրության կազմի մեջ։

Տակավին 1867 թ․դեկտեմբերի 9-ին կայսր Ալեքսանդր II-ի ստորագրած վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Այսրկովկասը բաժանվեց հինգ նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի և Երևանի։ Արցախն ընդգրկվեց Ելիզավետպոլի նահանգի մեջ[7]։

Թուրքական ցեղերը Լեռնային Ղարաբաղում հայտնվեցին 18-րդ դարի վերջին երեսնամյակում և ընդհուպ մինչև 1921 թ․, երբ ԼՂ-ն  մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ, երբեք չեն գերազանցել բնակչության 3-4%-ը[8]։

1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից հետո Ղարաբաղում ևս ստեղծվեց գործադիր կոմիտե և ազգային խորհուրդ, իսկ 1917 թ․դեկտեմբերի 24-ին Շուշիում ձևավորված Միջկուսակցական բյուրոն[9] դարձավ իշխանության բարձրագույն մարմին՝ ստանձնելով օրենսդիր և գործադիր գործառույթների իրականացումը։ Այս փաստերը անվերապահորեն ապացույց են այն իրողության, որ Ղարաբաղն արդեն ինքնուրույն վարչատարածքային միավոր էր՝ իր քաղաքական ղեկավարությամբ, երբ դեռևս չէր ստեղծվել Ադրբեջան պետությունը։

1918թ․մայիսի 28-ին պատմության մեջ առաջին անգամ ի հայտ եկավ Ադրբեջան անունով պետություն՝ ի սկզբանե հավակնություններ ներկայացնելով հարևան բոլոր երկրների նկատմամբ։

Մինչև 1918 թ․ թուրքական բանակի Այսրկովկաս արշավանքն ու ԱԺՀ-ի ստեղծումը Ղարաբաղի հարց, որպես այդպիսին գոյություն չի ունեցել, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցել Ղարաբաղի հայկական լինելն ու հայերին պատկանելու իրողությունը։ Նույնիսկ թուրքական կառավարությունը առաջին աշխարհամարտի նախօրյակին ռուսների դեմ պատերազմում հայերից օգնություն ստանալու ակնկալիքով, խոստանում էր «Հայաստանում ստեղծել հայկական ինքնավարություն, որն իր մեջ կընդգրկեր Երևանի, Կարսի և Ելիզավետպոլի արևմտյան նահանգները, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը․․․»[10]։ Դա նշանակում է, որ Թուրքիան ընդունում էր Լեռնային Ղարաբաղի հայկական պատկանելությունը՝ ըստ որում իր պատմական սահմաններում։

1918 թ․ սեպտեմբերի 15-ին Բաքվի գրավումը թուրքերի կողմից և Բաքվի խորհրդի անկումը ակտիվացրեցին պանթուրքական տրամադրությունները: Թուրքական կանոնավոր բանակն ու մուսավաթական զորամիավորումները ուղղություն վերցրեցին դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ի դեպ, մինչ այդ թուրքական հրամանատարությունը ԱԺՀ-ին հպատակվելու և զինաթափ լինելու պահանջով վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի ժողովրդական կառավարությանը, ինչ նշանակում էր, «որ թուրքական կողմը փաստորեն ճանաչում է Ղարաբաղի անկախությունն ու ժողովրդական կառավարության իրավունքները, իբրև երկրամասի գործադիր իշխանություն»[11]։ Այլ փաստը ևս վկայում է, որ Ղարաբաղը  պետական ինքնուրույնությունը վերականգնել էր ավելի վաղ, քան կստեղծվեր Ադրբեջան պետությունը։ Հետևապես, հետխորհրդային տարիներին Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հավակնությունները տարածքային ամբողջականության առումով իրավական որևէ հիմք չունեն։

Բաքվի գրավումից տասն օր անց՝ 1918թ. սեպտեմբերի 25-ին թուրքական և մուսավաթական համատեղ ուժերը շրջապատեցին Շուշին: Դեռևս 1918 թ․ հունիսին Շուշիում կայացած արցախահայության 1-ին համագումարի որոշմամբ հիմնվել էր ժողովրդական կառավարություն, Ղարաբաղը հռչակվել էր Հայաստանի Հանրապետության մաս, մերժելով ԱԺՀ իշխանությունը ճանաչելու պահանջը։ «Ղարաբաղի ժողովրդական կառավարության դեկլարացիայով» հրապարակվում էին իշխանության առաջիկա կարևորագույն խնդիրները[12]։   1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիան ստիպված էր դուրս հանել իր զորքերը Այսրկովկասից, այդ թվում նաև Ղարաբաղից: Ղարաբաղից արևմուտք Անդրանիկի ջոկատի օգնությամբ պայքար էր ծավալել Զանգեզուրը, ինչը մղում էր Ղարաբաղի հայությանը շարունակել դիմադրությունը[13]։

Այսրկովկասից թուրքական զորքերի հեռանալուց հետո ԱԺՀ-ն ձգտում էր ներկայանալ որպես երկրամասի բոլոր մուսուլմանների պետական կազմավորում։

1919թ. հունվարի 15-ին Այսրկովկասում անգլիական զինվորական հրամանատարությունը Զանգեզուրի և Ղարաբաղի բնակչությանը տեղեկացրեց, որ «ադրբեջանական կառավարության հրամանով Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվում է այդ շրջանների ժամանակավոր գեներալ-նահանգապետ և վայելում է բրիտանական հրամանատարության աջակցությունը»[14] ։

Քանի որ Զանգեզուրը ենթարկվում էր Անդրանիկին, Հայաստանի կառավարությունը 1919թ. հունվարի 26-ին դժգոհություն հայտնեց Ադրբեջանին Ղարաբաղում գեներալ-նահանգապետ նշանակելու կապակցությամբ[15]։ ՀՀ կառավարությունը 1919թ. մարտին Արսեն Շահմազյանին նշանակում է Զանգեզուրի և Ղարաբաղի գեներալ կոմիսար` իր իշխանությունը ամրապնդելու և ԱԺՀ-ին հակազդելու նպատակով[16]։

1919թ. մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցավ մուսավաթների ներխուժումը Ղարաբաղ: 1920 թ․ փետրվարի 19-ին Խոսրով բեկ Սուլթանովը Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդին առաջարկեց քննարկել Ղարաբաղը ԱԺՀ կազմի մեջ վերջնականապես մտցնելու հարցը։ Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը, այդ պահանջը, դիտելով որպես 1919 թ, օգոստոսի 22-ի համաձայնագրի խախտում, մերժեց այն։ 1920 թ․ մարտի 22-ի լուս 23-ի գիշերը Ղարաբաղի հայությունը դիմեց ապստամբության։ Այն պատրվակ դարձավ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Շուշիի 20 հազար հայերի կոտորածի և քաղաքը ավերածության ենթարկելու համար ։ 1920 թ․ ապրիլին Ղարաբաղը զավթելու Ադրբեջանի նոր փորձը ևս ձախողվեց։ Զանգեզուրը թիկունք կանգնեց Ղարաբաղի հայությանը ետ մղելու ադրբեջանական զավթիչներին։

Այսպիսով, 1918-1920 թթ․ այդպես էլ չհաջողվեց հայկական երկրամասեր Ղարաբաղն ու Զանգեզուրը ընդգրկել ԱԺՀ-ի կազմի մեջ։

Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ 1918-1920թթ․ Ադրբեջանի սահմանները նշված չեն։ Ելնելով հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերի առկայությունից Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեի 4-րդ նիստը 1920 թ․ դեկտեմբերի 1-ին որոշում կայացրեց մերժել Ադրբեջանին անդամակցել Ազգերի լիգային[17]։

Ազգերի լիգան,  ըստ էության, չի ճանաչել ԱԺՀ-ն և հետևապես նաև՝ նրա սահմանները։ Արցախը 1918-1920թթ․ միջազգայնորեն չճանաչված ԱԺՀ-ի կազմի մեջ չի եղել,  ղեկավարվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, հետևապես, նրա տարածքային ամբողջականության մաս չի կազմել։

1920 թ․ ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվեց, ինչը ճակատագրական եղավ Արցախի համար։

Բաքվում 1920թ. սեպտեմբերի 1-8-ը Արևելքի ժողովուրդների համագումարում Խորհրդային Ադրբեջանը հող էր նախապատրաստում Հայաստանի տարածքները գրավելու և այն խորհրդայնացնելու ճանապարհով Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ցամաքային կապն իրականացնելու համար:      1920թ. սեպտեմբերի 27-28-ի գիշերը ՀՀ-ի վրա թուրքական արշավանքի հետևանքով ՀՀ-ն անկում ապրեց: 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանն հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կապակցությամբ, առանց որևէ արտաքին ճնշման, 1920 թ. նոյեմբերի 30-ին շտապեց որոշում ընդունել Հայաստանի հետ սահմանային վեճերը վերացնելու մասին: Դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում` նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը ներկայացրեց Հեղկոմի հռչակագիրը՝ հայտարարելով  Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասեր, իսկ Լեռնային Ղարաբաղին տրվում էր ինքնորոշման իրավունք[18]: Այս որոշումից, սակայն կարճ ժամանակ անց  Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին իրենց իսկ ընդունած որոշումից: Քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը դարձան հարևան երկրների հաշվին խորհրդային Ադրբեջանի տարածքների ապօրինաբար ընդարձակման երաշխավորը։

1921 թ.մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված «Ռուս – թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց թուրքական «Ազգային ուխտը»: Պայմանագրի համաձայն Կարսի մարզից և Սուրմալուից բացի, հայ ժողովրդի կամքին հակառակ, Հայաստանից անջատվեց Նախիջևանը 5,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք` Ադրբեջանի հովանավորոության ներքո։

Նախիջևանի հարցը իր օգտին լուծելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը ուշադրությունը սևեռեց Արցախին։ 1921 թ․ հունիսի 3-ին կովկասյան բյուրոյի պլենումի նիստում, որին մասնակցում էր Խորհրդային Ադրբեջանի  ղեկավար Ն․ Նարիմանովը, Հայաստանի հարավում զանգեզուրյան ապստամբությունը արագորեն վերացնելու հարցի քննարկմանը զուգահեռ, միաձայն որոշվեց, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին և որ «Լեռնային Ղարաբաղի Խորհրդային Հյաստանին պատկանելությունը պետք է նշվի Հայաստանի կառավարության հատուկ հռչակագրով[19]»։ Հիմք ընդունելով ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի  պլենումի որոշումը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հունիսի 12-ին հրապարակեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, որտեղ ասվում էր․ «Ադրբեջանի Սոցիալիստական  Խորհրդային Հանրապետության հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական  Խորհրդային Հանրապետությունների միջև եղած համաձայնության    հիման վրա հայտարարավում է, որ Լեռնային Ղարաբաղը   այսուհետ կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը»[20]։

Խորհրդային Հայաստանը Լեռնային Ղարաբաղում Ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակեց Ասքանազ Մռավյանին։ Ա․ Մռավյանը մեկնեց Ղարաբաղ։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները այս անգամ ևս հրաժարվեցին իրենց տված համաձայնությունից։

1921 թ․ հունիսի 25-27-ին Թիլիսում կայացավ դեռևս մայիսի 2-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ ստեղծված սահմանային հարցերը ուսումնասիրող հանձնաժողովի նիստ։ Հայաստանի արտգործ ժողկոմ Ալ․ Բեկզադյանը հանձնաժողովին առաջարկեց «հանուն ընդհանուր համերաշխության, հանուն մեկ անգամ ընդմիշտ ամենաանկեղծ բարեկամության, խիտ հայ բնակչություն ունեցող շրջաններում տարածքային որոշ զիջումներ անել»։ Նկատի էր առնվում Ախալքալաքի գավառը, որտեղ հայերը կազմում էին բնակչության 72%, Լոռվա չեզոք գոտին և Լեռնային Ղարաբաղը, որտեղ հայերը կազմում էին 94 %։ Այս առաջարկին դեմ արտահայտվեցին Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, ովքեր հայկական երկրամասերի պատկանելության խնդրում առաջնայինը համարում էին տնտեսական գործոնը։ Հականալով այդ փաստարկման խոցելի և անտրամաբանական լինելը, Ն․ Նարիմանովը դիմեց փորձված միջոցի՝ շանտաժի, սպառնալով կառավարության հրաժարականով։ Այդուհանդերձ հուլիսի 4-ի նիստում, որին կովկասյան բյուրոյի անդամներից բացի մասնակցում էր նաև ՌԿ(բ)Կ Կենտկոմի անդամ Ի․ Ստալինը, քվեարկությամբ ընդունվեց արդարացի որոշում՝ Ղարաբաղը ՀԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելու մասին։ Դիմադրելով այդ որոշմանը, Ն․ Նարիմանովը պահանջում է հարցի վերջնական լուծումը փոխադրել՝ Մոսկվա ՌԿ(բ)Կ Կենտկոմ։ Բայց հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստում, առանց քվեարկության դրված, ազգերի ինքնորոշման իրավունքը ոտնահարող անօրինական որոշմամբ հարցը լուծվեց հօգուտ Ադրբեջանի։ Ըստ այդ որոշման Ղարաբաղը թողնվում էր Ադր․ ԽՍՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն, Շուշի վարչական կենտրոնով։ Լեռնային Ղարաբաղը հանձնվում էր Ադրբեջանին՝ ելնելով տնտեսական նպատակահարնարությունից։ Այդ որոշման մեջ որևէ խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրավական և պատմական դիտանկյունից ապօրինի և անարդարացի լուծում ստացավ: 1921 թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի անհիմն որոշումով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։ Այդ որոշումը ՀԽՍՀ իշխանության կողմից անմիջապես արժանացավ քննադատության։ Հուլիսի 16-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը միանգամայն սխալ և անբավարար համարեց Կովկասյան բյուրոյի որոշումը[21]։ 1922 թ․ հունվարի 26-29-ը Երևանում տեղի ունեցած Հայկոմկուսի համագումարում այդ որոշման առնչությամբ ծանր մեղադրանքներ հնչեցին Կենտկոմի հասցեին, Ղարաբաղի հարցում վճռականություն և հաստատակամություն չդրսևորելու համար[22]։

Արցախահայության համառ և անզիջում պայքարից հետո, 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կազմում մարզի տարածքի մի մասում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավարությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքի մնացած մասը մտցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ի մեջ։

ԼՂԻՄ-ի ստեղծումը տեղի ունեցավ Ադրբեջանի իշխանությունների տևական համառ դիմադրությունից հետո, քանի որ որպես ինքնուրույն հայկական վարչական միավոր, որը կարող էր ինքնորոշման հարց բարձրացնել, վտանգ էր ներկայացնում խորհրդային Ադրբեջան կոչված տարածքի պահպանման տեսանկյունից։ Ադրբեջանի ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, ԼՂԻՄ-ի կազմավորման մասին որոշման ընդունման հետ միաժամանակ, նույն օրը՝ 1923 թ. հուլիսի 7-ին որոշում ընդունվեց Քրդստանի գավառի  ստեղծման մասին, որը ձևականորեն հաստատվեց Ադրբեջանի ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության հրամանագրով 1923 թ. հուլիսի 16-ին (նախագահ՝ Ս.Մ.Կիրով)[23]։

Քրդստանի գավառը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև և ընդգրկում էր Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջանները։ Կարևոր նպատակներից մեկն էր Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բաժանող վարչական գոտու ստեղծումը։

Քրդստանի գավառը կարճ գոյատևեց  և 1929թ. ապրիլի 8-ին լուծարվեց Խորհուրդների VI համաադրբեջանական համագումարի որոշմամբ։ 1930թ. մայիսի 25-ին հրապարակվեց Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշումը Քրդստանի օկրուգի կազմավորման մասին։ Այն տարածքով ավելի մեծ էր, քան իր նախորդը՝ Քրդստանի գավառը։

Նախկին գավառի տարածքից բացի, նրա կազմի մեջ մտան նաև Զանգելանի շրջանն ամբողջությամբ և Ջաբրայիլի շրջանի մի մասը[24]։

Կարևոր է նշել, որ ըստ 1920-ական թվականների սկզբի խորհրդային քարտեզների` ԼՂԻՄ-ը ընդհանուր սահման ուներ Հայաստանի ԽՍՀ հետ, սակայն նշված վարչական փոփոխություններից հետո այդ տարածքային կապը կտրվեց։

1921թ հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ապօրինի բռնակցվելուց հետո արցախահայությունը շուրջ յոթ տասնամյակ անընդհատ ընդդիմացել է այդ անարդարացի որոշման դեմ՝ պահանջելով միավորել մայր հայրենիքին: Սակայն Մոսկվայի և Բաքվի իշխանությունները մերժում էին այդ արդարացի պահանջը:

Խորհրդային տարիների ամբողջ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները իրականացնում էին հակահայկական խտրական ազգային  քաղաքականություն, որի նպատակը մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օրինակով հայաթափել և վերաբնակեցնել ադրբեջանական բնակչությամբ[25] և ձուլման կամ արտագաղթի միջոցով հասնել հանրապետությունում էթնիկ միատարության:

1926-1980- թթ․ Լեռնային Ղարաբաղում վերացել են 85 հայկական գյուղեր։ Այդ ընթացքում ադրբեջանական ոչ մի գյուղ չի վերացել։ ԼՂԻՄ-ում    ադրբեջանցիների թիվը 40 տարիների ընթացքում (1939-1978թթ) աճել է 2,6 անգամ, հայերինը կրճատվել    է 7,3 %-ով, այն դեպքում, երբ ԼՂԻՄ բնակչության աճը ամենաբարձրն էր ԽՍՀՄ-ում[26]։

Հայերի, մյուս տեղաբնիկ էթնիկ հանրույթների և ազգային փոքրամասնությունների   նկատմանբ խտրական քաղաքականությունն Ադրբեջանում այնքան ակնհայտ էր, որ 1959 թ․ հուլիսի 1-ին քննարկման է դրվում ԽՄԿԿ ԿԿ-ի նախագահության հատուկ նիստում, որտեղ մի քանի անգամ ելույթ է ունենում ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Ն․ Խրուշչևը։      Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ազգայնամոլ ղեկավարների ազգային խտրական քաղաքականությունը, նա իրավացիորեն նշում է, որ «Նույնիսկ բուրժուական գործիչները այնպես չեն վարվում, ինչպես դուք։․․․ Դուք կոմունիստներ չեք, այլ՝ նացիստներ, հիտլերականներ․․․»[27]։

Ադրբեջանը կանխամտածված խոչընդոտում էր ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական, գիտամշակութային զարգացմանը, արգելակում կապը մայր հայրենիքի հետ և աստիճանաբար արտամղելով տեղի հայ բնակչությանը՝ արհեստականորեն ավելացնում էր ադրբեջանցիների քանակը՝ փորձելով փոխել մարզի ժողովրդագրական կազմը:

Այդ մասին է վկայում  Ադրբեջանի երկարամյա ղեկավար Հեյդար Ալիևի խոստովանությունը  2003 թ․ հուլիսի 23-ին «Զերկալո» լրագրին տված հարցազրույցում։ Նա ընդգծում էր, որ «Մենք վերահսկում էինք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ․․․․ Միևնույն ժամանակ ձգտում էի այնտեղ փոխել ժողովրդագրությունը։ Ես ձգտում էի, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները ավելի շատ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի»[28]։

Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման հարցը ՀԽՍՀ-ի ու ԼՂԻՄ-ի հասարակայնության տարբեր շրջանների ներկայացուցիչների կողմից բազմիցս՝ 1945, 1947, 1949, 1966, 1967, 1977 թթ․ բարձրացվել էր միութենական մարմինների առջև, սակայն այդպես էլ լուծում չէր ստացել:

Ուստի պատահական չէր, որ գորբաչովյան «Վերակառուցման» քաղաքականությունը կրկին վեր հանելով դեռևս 1920-ական թվականներից մշտաբորբոք Ղարաբաղյան հիմնախնդիրը, մեծ ոգևորություն էր առաջացնելու արցախահայության շրջանակներում[29]: 1987թ-ին մարզի գրեթե բոլոր ձեռնարկություններում, հաստատություններում, կոլտնտեսություններում և սովխոզներում անցկացվեցին կոլեկտիվ ժողովներ, որոնք միաձայն ընդունում էին ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու անրաժեշտությունը[30]: Նման պահանջ բովանդակող հանրագրի տակ ստորագրեցին ավելի քան 80 հազար արցախահայեր:

Արցախահայության կյանքում շրջադարձային եղավ 1988թ փետրվարի 20-ի որոշումը[31]: Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ փետրվարի 20-ին[32] Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը ընդունեց  պատմական որոշում․ «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանի ԽՍՀ-ին և Հայաստանի ԽՍՀ-ին դրսևորել խորը ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը։ Միաժամանակ ներկայացնել միջնորդություն Խորհրդային Միության Գերագույն խորհրդին սույն  հարցը դրական լուծելու նպատակով[33]»։ Սակայն կենտրոնը, ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրավեց։

1988թ փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի կայացրած որոշմանն ի պատասխան Ադրբեջանի հայաշատ վայրերում սկսվեցին ջարդեր և սպանություններ[34]։

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենությամբ ու դաժանությամբ ցնցել են համաշխարհային հանրությանը[35]: 1988 թ․ վերջին հայկական կոտորածները տարածվեցին ամբողջ Ադրբեջանում։ Զանգվածային կոտորածները առավել մեծ ծավալներ ընդունեցին Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում, Նախիջևանի ԻԽՍՀ-ում;

1988թ․ նոյեմբերի 21-ից սկսվեցին հայաթափման գործընթացները։ 1990 թ դրությամբ, բացի    ԼՂԻՄ-ից, Շահումյանի  շրջանից և Խանլարի շրջանի 4 գյուղերից, Ադրբեջանում մնաց հայ բնակչության միայն աննշան մասը։

1988թ. Ղարաբաղյան շարժումն արդեն անշրջելի իրողություն էր։ 1988թ հուլիսի 18-ին ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունը, 70 տարիների ընթացքում առաջին անգամ, պետական մակարդակով անդրադարձավ ԼՂԻՄ-ի հիմնահարցին և այդ կապակցությամբ ընդունեց հրամանագիր: Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև[36]: ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն (ՀԿԿ) անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին[37]: Կենտրոնական իշխանության վրա Ադրբեջանի գործադրած ճնշումների  արդյունքում Հատուկ կառավարման կոմիտեն կազմալուծվեց և նրա փոխարեն, ԽՍՀՄ     ԳԽ-ի որոշմամբ, 1989 թ․ նոյեմբերի 28-ին ստեղծվեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ կազմկոմիտե։ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ Ազգային խորհուրդը և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ նիստում  որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին վերամիավորման մասին։

1990 թ․ հունվարի 13-ին՝ Բաքվում յոթանասուն հազարանոց միտինգում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուլրախման Վեզիրովի հակահայ ելույթից հետո, երբ վերջինս հանդիպեց ժողովրդական ճակատի ներկայացուցիչների հետ և համաձայնություն հայտնեց ջարդերի և բռնաճնշումների ծրագրին[38], գազազած ամբոխը սկսեց իրականացնել ջարդը։ Քաղաքը վերածվեց էր հայ բնակչության զանգվածային անարգել ջարդերի վայրի։

Այսպիսով 1989-1990թթ ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ սահմանակից շրջաններում կիսապատերազմական վիճակ էր:

Արցախյան շարժումն ընթացք ստացավ միջազգային իրավական և տվյալ ժամանակաշրջանի խորհրդային օրենքների շրջանակներում: Այն հնարավորություն ստեղծեց, որպեսզի  պետականություն ունենալու հայոց դարավոր  երազանքը իրականություն դառնա:

Արցախյան պայքարն ինչ-որ տեղ ձախողեց Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի մոտ տասնյակ տարիներ փայփայած պանթուրքիստական ծրագրերի իրագործումը:

ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թ․ մարտի 17-ին անցկացվեց   ԽՍՀՄ պահպանման հանրաքվեն։ ԼՂԻՄ բնակչությունը չմասնակվեց այդ հանրաքվեին։ Ադրբեջանի բնակչությունը քվեարկեց հօգուտ ԽՍՀՄ-ի պահպանման։ 1991 թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր պետական անկախության վերականգնման մասին, որով   Ադրբեջանի անկախ հանրապետությունը իրեն հռչակում էր  1918-1920 թթ․ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը և չեղյալ էր համարում Ադրբեջանի վերաբերյալ խորհրդային բոլոր օրենքները, որոշումները և իրավական նորմերը։ Այլ խոսքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու որոշումը հռչակվում էր առ ոչինչ։

Հիմք ընդունելով 1990 թ․ ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու    հետ կապված հարցերի լուծման մասին» ԽՍՀՄ օրենքը, 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի անկախության մասին։ ԽՍՀՄ վերոհիշյալ օրենքին համապատասխան որոշում կայացվեց ԼՂՀ պետական անկախության հանրաքվե անցկացնելու մասին։

Ադրբեջանի Հանրապետությունը 1991 թ․ հոկտեմբերի 18-ին գործող խորհրդային օրենսդրության խախտումով պետական անկախության մասին սահմանադրական ակտը ընդունելուց հետո, 1991 թ․ նոյեմբերի 26-ին ընդունեց օրենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի լուծարման մասին։ Վերջինս ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն իրավացիորեն չեղյալ համարեց։

1991 թ դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության վերաբերյալ հանրաքվե։ Մասնակիցների 99,89 %-ը կողմ քվեարկեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ ԼՂՀ-ն դուրս եկավ ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Ադրբեջանի կազմից։

Ադրբեջանի կողմից 1991 թ․ մայիսից սկսած պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ ավարտվեց ՌԴ միջնորդությամբ 1994 թ․  ստորագրված զինադադարով։ Սակայն Ադրբեջանը անընդմեջ խախտել է զինադադարը։ 2016 թ․ Ադրբեջանը սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ քառօրյա պատերազմ, իսկ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, խախտելով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր իսկ կողմից բազմիցս հաստատած հիմնադրույթը Արցախի Հանրապետության  դեմ սանձազերծեց նոր ագրեսիվ ահաբեկչական պատերազմ, որը պատմության մեջ մտավ 44-օրյա պատերազմ անունով։

Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանաթուրքական ուժերը գործնականում կանխամտածված թիրախավորեցին Արցախի բոլոր բնակավայրերը և քաղաքացիական կառուցվածքները, այդ թվում Ստեփանակերտը։ 44-օրյա պատերազմն ասիմետրիկ պատերազմ էր ոչ միայն այն տեսակետից, որ Ադրբեջանի նյութական, մարդկային ռեսուրսները և զինուժն ու տեխնիկան մի քանի անգամ գերազանցում էին Արցախի Հանրապետությանը, այլև այդ պատերազմում ըստ էության Ադրբեջանի հետ միասին Արցախի դեմ  կռվում էին մի քանի երկրներ։ Ժամանակակից զենքերով Ադրբեջանին զինում էին  Թուրքիան, Իսրայելը, թուրք հրահանգիչների ղեկավարությամբ Սիրիայից, Պակիստանից բերված վարձու ահաբեկչական խմբերով համալրվել էր Ադրբեջանի զինուժը։ Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրության պատերազմը դադարեցնելու կոչերը, Թուրքիայի աջակցությամբ, վարում էր նպատակաուղղված ռազմական գործողություններ, հարվածելով Արցախի ռազմավարական կարևոր օբյեկտներին։

Չնայած այս ամենին, Արցախի պաշտպանության բանակին հաջողվեց պատերազմի առաջին օրերին կասեցնել թշնամու գրոհները շփման գծի մի քանի ուղղություններում։ Այսպիսով ռազմաճակատի գիծն Արցախում վերածվեց քաղաքակրթությունների բախման ճակատի։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ավելի քան 2000 հայկական պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում, 52 ամրոցներ, 12 թանգարան, 13 մենաստանային համալիրներ, 122 եկեղեցի, 536 խաչքարեր, կամուրջներ, գերեզմաններ։ Այդ կոթողները Ադրբեջանի կողմից կամ ոչնչացվում են, կամ նենգափոխվում ու կեղծվում է դրանց պատմությունը։ Նպատակը մեկն էր Արցախի Հանրապետության  մեծ մասի օկուպացված տարածքում ոչնչացնել հայկականության հետքերը։ Ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակների և նրանց սպասարկու մամուլի կողմից 30 տարի պետական մակարդակով իրականացվող հակահայ և հայատյաց քարոզչությունը պատերազմի օրերին և հատկապես ավարտից հետո էլ ավելի մեծ ծավալներ ընդունեց ու դարձավ կատաղի և անզուսպ։ Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում արցախահայության էթնիկ զտման համար։ Այդ նպատակով ադրբեջանական զինված ուժերը բազմիցս, խախտելով պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն  եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված համաձայնությունները, իրականացնում էին ագրեսիվ գործողություններ ոչ միայն Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի նկատմամբ,  այլև ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացված են պահում դրանք։

Օգտվելով աշխարհաքաղաքական վերադասավորումների հետևանքով ձևավորված անպատժելիության մթնոլորտից, Ադրբեջանը արհամարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, 2023 թ․սկզբից արգելափակեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախի 120 հազար բնակչությանը։ Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ։

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչության» քողի ներքո նոր ռազմական ագրեսիա ծավալեց Արցախի հանրապետության խաղաղ բնակչության դեմ, բռնի տեղահանության միջոցով իրականացրեց արցախահայության էթնիկ զտում  իր հազարամյա բնօրրանից։

 

Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ

1․ ՀԱԱ, Ֆ1, ց․ 1, գ․ 39, թ 18։

2․ ՀԱԱ, Ֆ1, ց․ 2, գ․ 2, թ 13-23։

3․ Աբրահամյան Հ., Ճակատագրին ընդառաջ, Երևան, 2001։

4․ Բաբայան Դ․, Կարմիր Քրդստան, «21-րդ ԴԱՐ», թիվ 4, 2005։

5․ Բաբայան Դ․, Ղարաբաղյան հակամարտություն․ պատմական, իրավական և այլ ասպեկտներ, «21-րդ ԴԱՐ» թիվ 1(7), 2005։

6․ Գրիգորյան Գ., Ղարաբաղյան օրագիր 1988-1992, Երևան, 2005:

7․ Դիվան հայ  վիմագրության, պրակ V, կազմեց Բարխուդարյան  Ս․, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․», 1982։

8․ Եղիշէ Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ (1917-1920), Երևան, 1999։

9․ Ընդդեմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, Երևան 2007։

10․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, թարգմանությունը, առաջաբանը և  ծանոթագրությունները Վ․ Առաքելյանի, Երևան, «Սովետական գրող», 1982։

11․ Կնյազյան Դ., ԱԴՀ կովկասյան քաղաքականությունը, Երևան, 2006:

12․ Հասան-Ջալալյան Ս․, Արցախի մելիքների հաստատման    կարգն  ու նրանց իրավունքները, «Էջմիածին»,N ԺԲ «Ս․ Էջմիածին», 2011։

13․ Հասան-Ջալալյան Ս․, Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները, Երևան, 2021։

14․ Հարությունյան Հ․, Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ, Երևան1996։

15․ Ղահրամանյան Կ․, Ղազիյան Ա․, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ Պետականության ակունքները, Եր․, 2008։

16․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ․ Առաքելյանւ,   Երևան,   «Հայաստան», 1969։

17․ Սարգսյան Ա., Ղարաբաղյան շարժման պատմությունը 1988-1989թթ, Անտարես, 2018։

18․ Ուլուբաբյան Բ․, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան․ 1994։

19․ «Ազգ»,  09.03.1991 հ. 7

20․ «Խորհրդային Հայաստան», 19 հունիսի,  1921թ։

21․ «Կոմունիստ» /Բաքու/, 2 դեկտեմբերի, 1920 թ.:

22․ Галоян Г.,. Худавердян К., НАГОРНЫЙ КАРАБАХ. Историческая справка Ереван, 1988․

23․ Заргарян Р., Доктрина геополитики современной восто1но-средиземноморской цивилизации, Санкт-Петербург, 2004.

24․ История Азербайджана, под. редакцией Сумбадзаде А. С.., Гулиева А. И., Токаржевского Е. А., том 1, “С древнейших времен   до присоединения Азербайджана к России”, Издательство Академии наук Азербайджанской ССР, Баку, 1958.

25․ Казанджян Р., К предыстории самоопредиления Нагорного Карабаха, Москва, 1997:

26․ Миклухо-Маклай Н., Географические сочинение XIII в. На персидском языке “Уеные записки Института востоковедения АН СССР”, т. IX, Ленинград, “Изд. Академии наук СССР”, 1954.

27․ Нагорный Карабах   в международном праве и мировой политике. Документыыи комментарий, т.1, док. N719.

28․ Никитин В., Курды, Москва, 1964․

29․ Хармандарян С. Ж., Ленин и становление Закавказской федерации 1921-1923 гг. Ер., 1969.

30․ Полное собрание законов Российской империи, собрание второе, т.15,  Санктпетербург, 1841.

31․ Тунян В., Карабахский конфликт: историко-геополитический аспект, Ереван, 1999:

32․ Улубабян.Г, Золян  С., Аршакян Г., Сумгаит..геноцид…гласность. Ереван, 1989:

33․ ‘Зеркало’, 23.07.2003:

34․ Demoyan H., The Western Media Coverage of  Nagorno-Karabakh Conflikt in 1988-1990, Yerevan, 2005․

35․ Dio’s,  Roman history, with an English translation by Earnest Cary, in nine volumes, vol. III , London, “The Macmillan Co.”, 1914;

36․ Pliny, Natural history, with an English translation, in ten volumes, vol. II, by H. Rackham, London, “Harvard University Press”, 1961;

37․ Plutarch’s  lives with an English translation by Bernadotte Perrin, in eleven volumes, vol. V, London, “Harvard University Press”, 1955;

38․ The geography of Strabo, with an English translation by Horace Leonard Jones, in eight volumes, vol. V,  London, “Harvard University Press”, 1961.

39․ The geography of Strabo, p․ 323․

 

[1] Տե՛ս  Dio’s,  Roman history, with an English translation by Earnest Cary, in nine volumes, vol. III , London, “The Macmillan Co.”, 1914, pp. 93, 95; Pliny, Natural history, with an English translation, in ten volumes, vol. II, by H. Rackham, London, “Harvard University Press”, 1961, pp.355-357; Plutarch’s  lives with an English translation by Bernadotte Perrin, in eleven volumes, vol. V, London, “Harvard University Press”, 1955, pp. 205,207; The geography of Strabo, with an English translation by Horace Leonard Jones, in eight volumes, vol. V,  London, “Harvard University Press”, 1961, p. 187.

[2] Տե՛ս The geography of Strabo, p․ 323․

[3] Տե՛ս Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ․ Առաքելյանւ,   Երևան,   «Հայաստան», 1969, էջ 36։

[4] Տե՛ս Դիվան հայ  վիմագրության, պրակ V,կազմեց Բարխուդարյան  Ս, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․», 1982, էջ 15, 84; Миклухо-Маклай Н., Географические сочинение XIII в. На персидском языке “Уеные записки Института востоковедения АН СССР”, т. IX, Ленинград, “Изд. Академии наук СССР”, 1954, с. 204.

[5] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, թարգմանությունը, առաջաբանը և  ծանոթագրությունները Վ․ Առաքելյանի, Երևան, «Սովետական գրող», 1982, էջ 193-194։

[6] Տե՛ս Հասան-Ջալալյան Ս․, Արցախի մելիքների հաստատման    կարգն  ու նրանց իրավունքները, «Էջմիածին»,N ԺԲ «Ս․ Էջմիածին», 2011, էջ 47։

[7] Տե՛ս Полное собрание законов Российской империи, собрание второе, т.15,   Санктпетербург, 1841, с. 237.

[8] Տե՛ս История Азербайджана, под. редакцией Сумбадзаде А. С.., Гулиева А. И., Токаржевского Е. А., том 1, “С древнейших времен   до присоединения Азербайджана к России”, Издательство Академии наук Азербайджанской ССР, Баку, 1958, с. 337.

[9] Տե՛ս Եղիշէ Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ (1917-1920), Երևան, 1999, էջ 81։

[10] Տե՛ս Заргарян Р., Доктрина геополитики современной восто1но-средиземноморской цивилизации, Санкт-Петербург, 2004, с.42 .

[11] Տե՛ս Ղահրամանյան Կ․, Ղազիյան Ա․, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ Պետականության ակունքները, Եր․, 2008, էջ, 55։

[12] Տե՛ս Հարությունյան Հ․, Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ․, Երևան 1996, էջ 18։

[13] Տե՛ս ԿնյազյանԴ., ԱԴՀ կովկասյան քաղաքականությունը, Երևան, 2006, էջ 42:

[14] Տե՛ս Казанджян Р., К предыстории самоопредиления Нагорного Карабаха, Москва, 1997, с. 10:

[15] Տե՛ս Тунян В., Карабахский конфликт: историко-геополитический аспект, Ереван, 1999, с. 34:

[16] Տե՛ս Կնայզյան Դ., նշված աշխատություն, էջ 83:

[17] Տե՛ս նույն տեղում, էջ 28։

[18] Տե’ս «Կոմունիստ» /Բաքու/, 2 դեկտեմբերի, 1920 թ.:

[19] Տե՛ս Хармандарян С. Ж., Ленин и становление Закавказской федерации 1921-1923 гг. Ер., 1969, с. 102.

[20] Տե՛ս Ուլուբաբյան Բ․, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան․ 1994, էջ 242,  «Խորհրդային Հայաստան», 19 հունիսի,  1921թ։

[21] Տե՛ս ՀԱԱ, Ֆ1, ց․ 1, գ․ 39, թ․ 18։

[22] Տե՛ս նույն տեղում, ց․ 2, գ․ 2, թ․ 13-23։

[23] Տե՛ս Բաբայան Դ․, Կարմիր Քրդստան, «21-րդ ԴԱՐ, թիվ 4, 2005, էջ 83։

[24] Տե՛ս Никитин В., Курды, Москва, 1964, с. 34․

[25] Տե՛ս Գրիգորյան Գ., Ղարաբաղյան օրագիր 1988-1992, Երևան, 2005, էջ 20:

[26] Տե՛ս Բաբայան Դ․, Ղարաբաղյան հակամարտություն․ պատմական, իրավական և այլ ասպեկտներ, «21-րդ ԴԱՐ» թիվ 1(7), 2005, էջ 25։

[27] Տե՛ս Ընդդեմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, Երևան 2007,  էջ 11-12։

[28] Տե՛ս ‘Зеркало’, 23.07.2003:

[29] Տե՛ս Галоян Г.,. Худавердян К., НАГОРНЫЙ КАРАБАХ. Историческая справка Ереван, 1988, с. 56․

[30] Տե՛ս Demoyan H., The Western Media Coverage of  Nagorno-Karabakh Conflikt in 1988-1990, Yerevan, 2005, p. 27․

[31] Տե՛ս  Սարգսյան Ա., Ղարաբաղյան շարժման պատմությունը 1988-1989թթ, Անտարես, 2018, էջ 340։

[32] «Ազգ»,  09.03.1991 հ. 7

[33] Տե՛ս Нагорный Карабах   в международном праве и мировой политике. Документыыи комментарий, т.1, док. N719, с. 665.

[34] Տե՛ս Demoyan H., The Western Media Coverage of  Nagorno-Karabakh Conflikt in 1988-1990, Yerevan, 2005, p. 30

[35] Տե՛ս Սարգսյան Ա., Ղարաբաղյան շարժման պատմությունը 1988-1989թթ, Անտարես, 2018թ, էջ 20-23։

[36] Տե՛ս Սարգսյան Ա,  նշվ․ աշխատ․,  էջ 287

[37] Տե՛ս Աբրահամյան Հ., Ճակատագրին ընդառաջ, Երևան, 2001, էջ 60

[38] Տե՛ս Улубабян.Г, Золян  С., Аршакян Г., Сумгаит..геноцид…гласность. Ереван, 1989. с. 40:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ