Հոկտեմբերի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։
Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը նվիրվում է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին՝ լուսաբանելով նրա և որդիների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը։
19-րդ դարավերջի կատակերգակներից՝ Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ․) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ։ Սակայն բեմական և գրական գործունեությանը զուգընթաց՝ Արամ Վրույրը շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ․ նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:
Ցուցադրությունում տեղ են գտել նաև Արամ Վրույրի որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։