2025թ․ հունիսի 3-ից օգոստոսի 30-ը Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի համաժամանակյա նմուշների ընտրանիով։ Դեռևս 2022թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ: Այս համատեղ ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը և այցելուին զուգահեռներ անցկացնելու հնարավորություն կտա։
Հավաքածուները կհամադրվեն պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, առևտրական կապերը։