Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում, ապրիլի 6-ից բացվեց «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս բացման միջոցառումներին մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Ցուցահանդեսի հայկական ցուցասրահում ներկայացված են 32 ուշագրավ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից։
«Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերի, քարտեզների ուղեկցությամբ հիմնականում միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներ Անիից ու Դվինից, ինչպես նաև վանական համալիրներից մեզ հասած կոթողների, խեցեղենի, փայտե, ապակե, մետաղե հոյակերտ նմուշների, ձեռագրերի համադրությամբ այցելուները հնարավորություն ունեն ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ՝ ինչպիսիք են Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված է հայտնի իտալացի առևտրականի մահվան 700–ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը։
Ցուցահանդեսի բացման օրերին Դավիթ Պողոսյանը հանդիպել է ցուցադրության համադրողներից մեկի, Վենետիկի քաղաքացիական թանգարանների հիմնադրամի թանգարանային մասի ղեկավար Քիարա Սքուարցինայի հետ և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։
Դավիթ Պողոսյանը նաև այցելել է Սուրբ Ղազար կղզի և հանդիպում ունեցել Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ և միաբանության հայրերի ուղեկցությամբ շրջել Մխիթարյան միաբանության թանգարաններում, ձեռագրատանը, վանքում։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է թանգարանի և միաբանության միջև կապերի սերտացման, համատեղ ցուցադրությունների, գիտական և մշակութային միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հնարավորությունները։