Հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության և թանգարանի «Հայաստանը Ք․ ա․ VI-IV դարերում» մշտական ցուցադրության շրջանակներում կկայանա ուշագրավ բանախոսություն՝ «Շքեղություն և ուժ․ Աքեմենյան աշխարհի ծայրամասում» խորագրով։ Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես կգա Երուսաղեմի Վ. Ֆ. Օլբրայթ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար, 2023 թ․ Բրիտանական թանգարանում կազմակերպված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» միջազգային ցուցահանդեսի համադրող դոկտոր Ջեյմս Ֆրեյզերը: Բանախոսության ընթացքում կխոսվի աքեմենյան ժամանակաշրջանին բնորոշ նյութական մշակույթի յուրօրինակ ոճերի զարգացման, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրանց դրսևորման առանձնահատկությունների մասին։ Այս ոճերը կրկնօրինակվել են պարսկական կայսրության տիրակալների կողմից և միաձուլվել տեղական ավանդույթների հետ՝ ստեղծելով քաղաքական հեղինակություն ներկայացնող շքեղության նոր ոճեր։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Բրիտանական թանգարանում կազմակերպված «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» միջազգային ցուցահանդեսում ներկայացված մի քանի հայտնի ցուցանմուշներ փոխառվել էին Հայաստանի թանգարաններից:

«Շքեղություն և ուժ․ Աքեմենյան աշխարհի ծայրամասում» խորագրով բանախոսության լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Մասնակցությունը՝ թանգարանի մուտքի տոմսով և մշտական ցուցադրությունների դիտման հնարավորությամբ։