Մայիսի 17-ին՝ ժամը 21:00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրության «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագրով հատվածը։
15–18-րդ դարերով թվագրվող եզակի և արժեքավոր շուրջ 300 ցուցանմուշների թվում հնարավոր կլինի տեսնել Սևանավանքի և Տաթևի վանքի փայտյա դռները, Ջուղայի փրկված խաչքարերից և պղնձե փորագիր պատկերներով մատուցարանը, եկեղեցական արձանագիր նվիրաբերություններ և փաստաթղթեր, սփյուռքահայ համայնքներից մեզ հասած տպագիր գրքեր, կարևոր փաստաթղթեր, հարյուրավոր դրամներ, Ղուկաս Վանանդեցու պատրաստած աստրոլաբը, Կուտինայի (Քյոթահիա) նրբաճաշակ հախճապակիներ, Երևանի քանդված Պողոս Պետրոս եկեղեցու վերականգնված որմնանկարները, Սանահինի դաջազարդ հիասքանչ վարագույրը, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գահը և հիմնած առաջին տպարանի արձանագրությունը և այլ ուշագրավ մասունքային նշանակության թանգարանային ցուցանմուշներ:
Մուտքն ազատ է: