ՀՀ Սահմանադրությունը ընդունվել Է 1995 թվականի հուլիսի 5-ին: Այն դարձավ անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության պետականության իրավական հիմքը։ Սահմանադրության միջոցով ամրապնդվեցին պետական կառավարման, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հիմքերը։
Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է «Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին։ Վերջինս լավ առիթ է նոր լույսի ներքո ուսումնասիրելու թանգարաններում պահպանվող պատմամշակութային ժառանգությունը և տարբեր հավաքածուների հիմքով քննարկելու անցյալի և ներկայի տարբեր հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
Գիտաժողովն անցկացվելու է հուլիսի 3-ին և 4-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում։
Ներկայացված զեկուցումները պետք է լինեն ըստ Հայաստանի պատմության թանգարանի գիտական հետազոտությունների ուղղվածության և ներառեն՝
- Սահմանադրության և սահմանադրական մտքի պատմություն
- Թանգարանների հնագիտական հավաքածուների ուսումնասիրություն
- Թանգարանների ազգագրական հավաքածուների ուսումնասիրություն
- Թանգարանների նոր և նորագույն շրջանի պատմությանը վերաբերող հավաքածուների ուսումնասիրություն
Ժամանակացույց՝
- Մայիսի 31 – հայտերի ընդունման վերջնաժամկետ,
- Հունիսի 14 – մասնակցության հաստատման վերջնաժամկետ,
- Հունիսի 21 – ծրագրի հրապարակում,
- Հուլիսի 3-4 – գիտաժողով,
- Օգոստոսի 1 – հոդվածի տրամադրում։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ, հետևյալ հղումով՝ https://shorturl.at/sdVWb
Արտասահմանում գտնվող մասնակիցները գիտաժողովին կարող են մասնակցել նաև առցանց։
Աշխատանքային լեզուները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
Ներկայացված զեկույցները գրախոսվելուց հետո հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 16-րդ համարում: