Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ստեփան Լիսիցյան-160» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի գիտնականի 160-րդ հոբելյանին։
Ավելի քան կես դար շարունակ Ստեփան Լիսիցյանը գիտական գործունեությամբ նպաստեց հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացմանը Հայաստանում՝ իր հետևողական ու բեղմնավոր աշխատանքի շնորհիվ անժխտելի ավանդ թողնելով հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ։ Ստեփան Լիսիցյանի կյանքի և թանգարանային գործունեության մասին բանախոսությամբ հանդես կգա Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի երկարամյա վարիչ Ստ․ Լիսիցյանի գիտարշավների միջոցով ձեռք բերված ազգագրական առարկաները, լուսանկարներ և օրագրեր։
