ՎԱՆԱՁՈՐԻ ՈՍԿՅԱ ԳԱՎԱԹԸ

Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը: Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը նշեց, որ այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը (մ.թ.ա. XVIII – XVII դդ.), որը Հայաստանի միջին բրոնզեդարյան ոսկերչական արվեստի եզակի և ինքնատիպ նմուշներից է: Այն հայտնաբերվել է 1948թ.՝ ականավոր հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից:

«Գավաթը պատրաստված է ոսկու ամբողջական թիթեղից, ունի 6,7 սմ բարձրություն և 9,1 սմ տրամագիծ: Կշռում է  110,4 գ: Կիսագնդաձև գավաթի իրանը զարդարում են դեմ առ դեմ կանգնած, երախները բաց երեք զույգ առյուծներ, որոնք արված են կրկնակի դրվագման եղանակով: Առյուծների պատկերները եզերված են զարդագոտիներով: Թասի վերին և ստորին զարդագոտիները հարդարված են փորագիր երկրաչափական պատկերներով: Կենդանիների գլխին, ազդրերին, գավակին և թաթերին նախշազարդ գոտիներ են, երախներում՝ երկու հատվող գծեր: Տպավորությունն այնպիսին է, որ կենդանիները ինչ-որ հագուստ են կրում մինչև գավակը, որոնք ավարտվում են ոտքերին կապված կապերով: Հավանաբար, դրանով վարպետը ցանկացել է ընդգծել առյուծի պաշտամունքային-ծիսական դերը: Գավաթն ունեցել է կանթ, որը, ցավոք, չի պահպանվել»,-պատմեց Ջուլիետտա Կարապետյանը:

Նրա խոսքով` ծիսական գավաթը հայտնաբերվել է ցեղապետին պատկանող դամբարանից՝թաղման հարուստ գույքի հետ, ինչը վկայում է միջին բրոնզեդարյան հասարակության մեջ ոսկու և ոսկյա իրերի առանձնահատուկ դերի մասին: Հնարավոր է, որ մենք գործ ունենք ոսկու սրբազնացման երևույթի հետ: Եվ բոլորովին պատահական չէ, որ ոսկին կիրառվել է կենտրոնացված և հիերարխիկ սոցիալական կառուցվածքի պայմաններում, իսկ ոսկյա իրերը ընդգծել են տիրոջ հասարակությունում զբաղեցրած բարձր դիրքը:

Թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատողը հատկանշական համարեց այն, որ Վանաձորի գավաթը, իր վրա կրելով առաջավորասիական, հատկապես, խեթական մշակույթի ազդեցությունը, միաժամանակ ոսկերչական, արծաթագործական ինքնատիպ մի «դպրոցի» արգասիք է: Այդ բարձրարվեստ «դպրոցը» ձևավորվել է Թռեղք-վանաձորյան մշակույթի տարածման սահմաններում և կրել է Կուր-արաքսյան հզոր մշակույթի ազդեցությունը՝  օգտագործելով այդ մշակույթին բնորոշ զարդամոտիվները:

Վանաձորի գավաթը բազմիցս ներկայացվել է Փարիզում, Նանտում, Լիոնում, Առլում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ցուցահանդեսներում: Այժմ այս բացառիկ գավաթը Թեհրանում գործող «Հայաստան-Իրան. հողի հիշողությունը» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվում է Իրանի ազգային թանգարանում:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ