ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վավերագրերի հավաքածու

Վավերագրերի հավաքածու

Վավերագրերի հավաքածուն ընդգրկում է XVII – XXI դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, ճարտարապետական հուշարձանների և վիմագիր արձանագրությունների նեգատիվներ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչների անձնական արխիվներ /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/:

Լուսապակիների հավաքածուի մեջ են մտնում 1878-2000 թթ. լուսանկարված Հայաստանի պատմա-ճարտարապետական, ազգագրական, նոր և նորագույն շրջանի պատմությանը վերաբերող նեգատիվների խմբեր:

1930 թ. ստեղծվեց թանգարանի հայկական ճարտարապետության ուսումնասիրության բաժինը` ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ: Բաժնի ֆոնդի հիմք հանդիսացավ Թ. Թորամանյանի անձնական և վերջինիս կողմից թանգարան բերված Հուշարձանների պահպանության կոմիտեի հավաքածուները: Ապակե այդ նեգատիվները լուսանկարվել են Անիում /1878 և 1893-1917 թթ./ և Վանում /1915-1916 թթ./ Ն. Մառի ղեկավարած գիտարշավի ընթացքում, ինչպես նաև 1920 թ. Էջմիածնի գիտական ինստիտուտի կողմից Արևմտյան Հայաստան կազմակերպած վերջին գիտարշավի ժամանակ: Արևմտյան և Արևելյան Հայաստանի IV-XVII դարերի պատմա-ճարտարապետական հուշարձանները պատկերող այս նեգատիվները, ինքնակա մշակութային արժեքից զատ պատմական, գիտական, գեղարվեստական միակ վկայություններն են ժամանակի և իրավիճակների հետևանքով այսօր իսպառ անհետացած, լրիվ կամ մասնակի ավերված բացառիկ հուշարձանների: Լուսանկարների հեղինակներն են լուսանկարիչներ Հովհ. Քյուրքչյանը, Արամ և Արտաշես Վրույրները, ճարտարապետ Թ. Թորամանյանը, արվեստաբան, պատմաբան Գ. Հովսեփյանը, հնագետներ` Ս. Տեր-Ավետիսյանը, Աշխ. Քալանթարը, Ե. Լալայանը:

Հավաքածուի ազգագրական խումբը ընդգրկում է հիմնականում ազգագրագետ Ս. Լիսիցյանի` Սիսիան, Գորիս /1931/, Մեղրի, Ղափան /1932/, Ջավախք /1936/, Գեղարքունիք, Աշտարակ /1938/ կատարած գիտարշավներից բերված ապակե նեգատիվները:

Նոր և նորագույն շրջանի նյութերը հիմնականում ֆոտո ժապավենների վրա արված արխիվային փաստաթղթերի, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների սևանկարներ են: