Սեպտեմբերի 9-ից հանրության համար կվերաբացվի Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է 4-9-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։
Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։
Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, երկրագործությունը ներկայացնող զարգացած ոռոգման համակարգեր և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան, ներկայացնող նմուշներ։
Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ՝ ներկայացված այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներով (Հին Ջուղայի գերեզմանատան 16-րդ դ․ խաչքարը), բարձրաքանդակներով, եկեղեցու քարե մանրակերտներով, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներով (Մշո Սբ․ Առաքելոց վանքի 1136 թ․ փայտե դուռը, Հաղարծնի վանքից գտնված կաթսան)։