ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԵՐԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿԱՐԳ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Թանգարան) թանգարանային ֆոնդի սպասարկման սույն կարգը (այսուհետ` Կարգ) սահմանվել է համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 2010թ. ապրիլի 1-ի № 140-Ա հրամանի, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի և Թանգարանի կանոնադրության հիման վրա:
1․2 Կարգը սահմանում է Թանգարանի պահոցներում պահպանվող հավաքածուների գիտահետազոտական և Թանգարանի կանոնադրությամբ սահմանված այլ նպատակներով սպասարկման կանոններն ու պայմանները, որոնք պարտադիր են նաև Թանգարանի աշխատակիցների համար:
1․3 Սույն կարգով նախատեսված թանգարանային հավաքածուների սպասարկման կազմակերպման պահանջների կատարման համար համապատասխան աշխատակիցների պարտականությունները և պատասխանատվությունը սահմանվում են Թանգարանի տնօրենի հրամանով:
- ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՀՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
2.3 Թանգարանային առարկաների և հավաքածուների սպասարկման թույլտվությունը տրվում է Թանգարանի տնօրենի կողմից, եթե կա ներկայացված դիմում։ Տնօրենի անունով դիմումի մեջ պետք է նշված լինի, որտեղ է դիմումատուն աշխատում և որտեղ իրականացվում հետազոտությունը։ Դիմումի մեջ պետք է արտացոլված լինի հետազոտական ծրագրի կամ թեմայի անվանումը, հետազոտության վերջնարդյունքը և Թանգարանի հավաքածուների ուսումնասիրման մասին տվյալներ (Հավելված 1): Դիմումը ներկայացվում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով։
2.4 Իրավաբանական անձանց դեպքում դիմումը պետք է ներկայացվի կազմակերպության ղեկավարի կողմից։
2.5 Դիմումատուին թանգարանային առարկաների և հավաքածուների տրամադրման կամ մերժման մասին պատասխանը տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով ։
2.6 Հետազոտողների համար սպասարկումն իրականացվում է Թանգարանում, համապատասխան նպատակով առանձնավցած աշխատասենյակում և Թանգարանի կողմից սահմանված աշխատանքային ժամին՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14։00-15։00։
2.7 Թանգարանը թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել սահմանափակումներ, եթե.
- ա. դրանց պահպանվածությունը ոչ բավարար վիճակում է,
- բ. դրանք գտնվում են վերականգնման ընթացքում կամ ցուցադրության մեջ։
- գ. թանգարանային տվյալ առարկայի կամ հավաքածուի մասով սեփականատիրոջ կամ հանձնողի հետ կա հատուկ պայմանագրային պարտավորություններ։
- դ. թանգարանային առարկաների և հավաքածուների ուսումնասիրման և հետազոտման նպատակով գիտաշխատողների կողմից իրականացվում են Թանգարանի ծրագրով նախատեսված գիտահետազոտական և այլ աշխատանքներ։
2.8 Ֆիզիկական և իրավաբանական անձանց թանգարանային առարկաների ու հավաքածուների, դրանց վերարտադրությունների կամ թվային պատճեների տրամադրումը հրատարակչական, նկարահանումների, պատճենահանումների, ցուցադրման և որոշ այլ նպատակներով իրականացվում է պայմանագրի հիման վրա՝ վճարովի սկզբունքով՝ տնօրենի հրամանով հաստատված վճարովի ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:
2.9 Սպասարկման ընթացքում առարկաների բարձր որակի լուսանկարումը արգելվում է։ Կատարված ցածր որակի լուսանկարները ենթակա չեն հրատարակման։
2.10 Թանգարանային առարկաների և հավաքածուների վերարտադրությունների օգտագործման իրավունքի տրամադրումը ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի, գովազդային և այլ ծառայություններ իրականացնելու նպատակով պետք է համաձայնեցվի լիազոր պետական մարմնի հետ։
2.11 Թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը Թանգարանը տրամադրում է անվճար, Թանգարանի կողմից որոշված ձևաչափով և միայն գիտական, կրթական, ճանաչողական և հանրային իրազեկման նպատակներով։
2.12 Թանգարանի առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Թանգարանի աշխատակիցների կողմից նախապես համաձայնեցվում է Թանգարանի տնօրենի կամ գիտական գծով փոխտնորենի և գլխավոր ֆոնդապահի հետ։
2.13 Թանգարանային առարկաների կամ հավաքածուների օգտագործումը գիտական, կրթական, ճանաչողական, հրատարակման, ցուցադրման, հանարային իրազեկման կամ Թանգարանի հետ նախապես համաձայնեցված այլ նպատակներով պետք է կատարվի Թանգարանի անվան նշմամբ, հիշատակմամբ։
2.14 Թանգարանային հաշվառման փաստաթղթերը ենթակա չեն սպասարկման նպատակով լուսանկարահանման և պատճենահանման ։
2.15 Թանգարանային առարկաների և հավաքածուների ուսումնասիրման նպատակով Թանգարանը թույլատրում է դիմումատուին օգտվել նաև դրանց հետ կապված քարտարաններից, բաց հասանելիությամբ տեղադրված էլեկտրոնային ռեսուրսներից, ինչպես նաև աջակցում է դիմումատուին հետաքրքրող տեղեկատվության փնտրման հարցում։
2․17 Սպասարկման ընթացքում թանգարանային առարկայի լուսանկարահանումը կամ տեսանկարհանումը արգելվում է, եթե նախապես նման պայմանավորվածություն չի եղել Թանգարանի հետ։
2.18 Եթե դիմամատուն իր ուսումնասիրությունը կամ Թանգարանի հետ համաձայնեցված այլ աշխատանքը 50 տոկոսով կառուցում է Թանգարանի հավաքածուների հիման վրա, ապա պետք է նախապես տեղյակ պահի Թանգարանին այդ մասին և Թանգարանի հետ պայմանագրային հիմունքներով իրականացնի իր գործունեությունը։