ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
1946–1948 թթ․ հայրենադարձությունը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից է, որը էական ազդեցություն է ունեցել ինչպես Հայաստանի ժողովրդագրական, սոցիալ-մշակութային, տնտեսական կյանքի, այնպես էլ՝ ազգային ինքնության վերակազմավորման և պետականաշինական գործընթացների վրա։
Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է Մեծ հայրենադարձության 80-ամյակին նվիրված`«Հայրենադարձության շերտերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի նորովի բացահայտելու թեմային առնչվող թանգարանային հավաքածուները, քննարկելու երևույթի սոցիալական, մշակութային և պատմական տարբեր շերտերը։
Գիտաժողովն անցկացվելու է հուլիսի 2-4-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում։ Ներկայացված զեկուցումները պետք է ներառեն հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
• Զանգվածային հայրենադարձության փուլերը (1921-1936 թթ., 1946-1948 թթ., 1962 թ. և դրանից հետո)
• Հայրենադարձության կազմակերպման և հայրենադարձների Հայաստանում ընդունման խնդիրները
• Հայրենադարձների դիմագրաված մարտահրավերներն ու աստիճանական ինտեգրացումը խորհրդահայ հասարակության մեջ
• Հայրենադարձության քաղաքական-գաղափարախոսական, սոցիալական և մշակութային ազդեցությունները Հայաստանի և սփյուռքի նորագույն պատմության վրա
• Հայրենադարձների` «մնացողների» և հետագայում «արտագաղթողների» համեմատություն. կազմակերպման թերություններն ու շարժառիթները
• Հայրենադարձության և հետագա արտագաղթի արձագանքները Հայաստանում և սփյուռքում
• Հայրենադարձությունը հետխորհրդային Հայաստանում
• Հայրենադարձների մշակութային ժառանգությունը թանգարանային հավաքածուներում
• Հայրենադարձների արտագաղթը բանավոր պատմություններում
• Հայրենադարձության պատմությունների ուսումնասիրման մեթոդաբանական հարցեր
Ժամանակացույց՝
• Հունիսի 10 – հայտերի ընդունման վերջնաժամկետ
• Հունիսի 20 – մասնակցության հաստատման վերջնաժամկետ
• Հունիսի 25 – ծրագրի հրապարակում
• Հուլիսի 2-4 – գիտաժողով
• Օգոստոսի 1 – հոդվածների տրամադրում
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ներկայացնել համառոտ ամփոփագիր (մինչև 300 բառ) հետևյալ հղումով՝ https://shorturl.at/LXKeQ
Արտասահմանում գտնվող բանախոսները կարող են մասնակցել նաև առցանց ձևաչափով։
Աշխատանքային լեզուները՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։
Ներկայացված զեկուցումները գրախոսվելուց հետո կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական գիտական ժողովածուի հերթական համարում։