Փետրվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության ամփոփման և փակման շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն։
Թեմա՝ «Փոքր պատմությունները՝ մեծ պատմության համար»
Բանախոս՝ Արմինե Տեր-Ղևոնդյան
«Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ցուցադրությունը հաջող փորձ էր՝ մեկ ընտանեկան արխիվի միջոցով ուշադրություն հրավիրելու հազարավոր այլ ընտանիքների պատմությունների վրա և ասելու, որ դրանք կարևոր են, արժանի պահպանման և հանրայնացման։
Ժողովրդի պատմությունն ապրում է ոչ միայն պաշտոնական փաստաթղթերում և գիտական ուսումնասիրութուններում, այլ նաև ընտանեկան արխիվներում։ Երբեմն հենց ամենասովորական իրերը և դրանց ետևում հյուսվող պատմություններն ասում են այն, ինչ «մեծ» պատմությունը չի հասցնում կամ չի ուզում ասել։ Ընտանիքների և մասնավոր անձանց պատմությունները երկար ժամանակ ստորադասվել են մեծ պատմությանը։ Այնինչ, մեկ մարդու կյանքի պատմությամբ կարելի է հասկանալ ամբողջ ժամանակաշրջան, քանի որ դրանք վկայում են դեպքեր մարդկանց ու խմբերի մասին, որոնց վերաբերյալ այլ աղբյուրներ չկան։
Բանախոսությանը կհաջորդի Տիգրան Պասկևիչյանի` ցուցադրության մասին պատմող ֆիլմի պրեմիերան։
Միջոցառման մուտքն ազատ է։
