Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Անի․ միջնադարյան հայկական մայրաքաղաքի հազար ու մեկ վերապրումները» խորագրով ուշագրավ միջազգային ցուցահանդեսը։ Վերջինս 2026 թ․ մարտ-ապրիլ ամիսներին Բուդապեշտի Պետոֆի գրական թանգարանում ներկայացված ցուցադրական նյութերի նորովի մեկնաբանությունն է և պատմում է միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի ավերակների ուսումնասիրման, ժամանակի ընթացքում վերաիմաստավորման, Հայաստանում և այլուր դրա ակադեմիական, պահպանողական, խորհրդանշական ու հիշատակման տարբեր պատումների ու ընկալումների մասին։
Հայաստանի պատմության թանգարանում Անիի վերապրումային բազմաշերտ դրսևորումները կներկայացվեն Անիի Հնադարանից պահպանված թանգարանային հավաքածուների, ինչպես նաև այլ բնօրինակ մշակութային արժեքների յուրօրինակ համադրությամբ։ Բուդապեշտում կայացած ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում նոր իմաստ կստանա՝ դառնալով նաև Անիի Հնադարանին և Անի քաղաքին նվիրված մշտական ցուցադրական հատվածների հետ մեկ յուրօրինակ շղթայական պատում։ Ցուցահանդեսը կպահպանի նախնական ցուցադրական գաղափարի մուլտիմեդիոն մոտեցումը, որով թանգարանի այցելուներին հասանելի կլինեն ոչ միայն թանգարանային հավաքածուներ, այլև արխիվային լուսանկարներ, գեղարվեստական ստեղծագործություններ, հրատարակություններ, բացառիկ վավերագրական ֆիլմեր և այլ նյութեր:
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտի (GWZO), Բեռլինի Ազատ համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի համագործակցությամբ։
Ցուցահանդեսում ներառված են նաև բնօրինակ ցուցանմուշներ Հայաստանի ազգային արխիվից, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից և Երևան քաղաքի պատմության թանգարանից։
Ցուցահանդեսի իրականացմանն ուղղված հետազոտությունը ֆինանսավորվել է Գերդա Հենկել հիմնադրամի կողմից՝ «Կորած բայց գտնված․ հայոց մայրաքաղաք Անին վիճարկվող խաչմերուկներում» ծրագրի շրջանակներում։
Ցուցահանդեսի համադրողներ՝ Կարեն Ջալլաթյան, Կոնրադ Սիեկիերսկի
Հայաստանի պատմության թանգարանում համադրությունը՝ Դավիթ Պողոսյանի
Նախագծի հիմնական հետազոտողներ՝ Էլկե Հարթման և Բալինտ Կովաչ
