Նոյեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Նեբրայի երկնային սկավառակ․ աստղային ձայներ» միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի առանցքում ավելի քան 3600 տարեկան Նեբրայի երկնային սկավառակն է, որը համարվում է աստղագիտական երևույթների մեզ հայտնի ամենահին պատկերումը։ Նեբրայի երկնային սկավառակը, որը 2013 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում, ուշագրավ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես էին մարդիկ հասկանում և մեկնաբանում տիեզերքը բրոնզի դարում։
Նեբրայի սկավառակի պաշտոնական կրկնօրինակը Երևանում առաջին անգամ կներկայացվի «Աստղային ձայներ» նախագծի շրջանակում։ Գյոթե ինստիտուտի նախաձեռնած այս հայ-գերմանական նախագիծը մի հարկի տակ է միավորում արվեստը, գիտությունն ու պատմությունը՝ հասկանալու, թե ինչպես են մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում ու մշակույթներում նայել երկնքին, երազել ու պատմություններ հյուսել տիեզերքի մասին։
Սկավառակի երևանյան ցուցադրությունն ուղեկցվելու է հայ կոմպոզիտոր Վարդան Հարությունյանի «Էնիգմատա» ձայնային ինստալյացիայով։ Դա տիեզերական մի այլաբանություն է, որտեղ ձայնն օգտագործվում է որպես հիմնական արտահայտչամիջոց։ Ստեղծվում է մի միջավայր, որը հրավիրում է այցելուներին խորհելու երկնքի ու մարդկության հարատև կապի, տիեզերական առեղծվածների և դրա շուրջ ձևավորված պատմությունների մասին։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հալլեի Նախապատմության պետական թանգարանի, Հայաստանում Գյոթե ինստիտուտի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ։ Այն նաև Նախապատմության պետական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի գործընկերության նոր փուլ է ազդարարում, որը հիմնված է երկու հաստատությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վրա։
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2026 թվականի նոյեմբերի 29-ը։
