Սեպտեմբերի 4-ին` ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագիրը կրող նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը։
Դեռ 19-րդ դարից Սևրուգյան-Սևրուգին ընտանիքի մի քանի սերունդներ կարևոր ներդրում են ունեցել հայկական և իրանական մշակույթների, արվեստի, մշակութային ժառանգության զարգացման և պահպանման գործում։
2024–2025 թթ․ «Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ թանգարանին են նվիրաբերվել Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով կատարված տասնյակ ստեղծագործություններ և Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն, որոնցից մի ընտրանի ներկայացված է այս ցուցահանդեսում։ Հատկապես արժեքավոր է Էմանուել Սևրուգյանի 1978-2020 թթ․ ընթացքում տարբեր աճուրդներից ձեռք բերված դրամագիտական ժողովածուն, որն ընդգրկում է հին հունա-հռոմեական ժամանակաշրջանից մինչև նորագույն ժամանակները։ Ժողովածուի մեջ առանձնանում են հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան դրամների եզակի նմուշներ, որոնք նորություն են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի համար։ Նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությանը կհաջորդի Իվեթ Թաջարյանի բանախոսությունը հայտնի Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների մասին, այնուհետև երաժշտական կատարումներով հանդես կգա՝ հեղինակ-կատարող Լիլիթ Սարգսյանը և «Տրիո 3D» (Adax Dörsam, Matthias Dörsam, Franz-Jürgen Dörsam եղբայրներ, Գերմանիա) խումբը։
Մուտքը՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար կարող եք զանգարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (55) 52 06 91։