Կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Մասնակիցների համար «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահում կանցկավի ճանաչողական էքսկուրսիա, կներկայացվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները: Այնուհետև կրթական ծրագրերի համար նախատեսված սրահում երեխաները կբաժանվեն երկու խմբի: Յուրաքանչյուր խմբի կտրվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ տարբեր առարկաների թղթե պատկերներ (ըստ ցուցադրվող նմուշների): Յուրաքանչյուր խմբից կընտրվի մեկ մասնակից, ով խմբի մյուս անդամներին կփորձի բացատրել, թե ինչ է պատկերված: Ճիշտ պատասխանի դեպքում տվյալ պատկերը կամրացվի գրատախտակին, սխալ պատասխանի դեպքում հակառակորդ թիմը հնարավորություն կունենա պատասխանելու: Կրթական ծրագրի նպատակն է նպաստել երեխաների մոտ հնագույն ժամանակաշրջանում մարդու կենցաղի վերաբերյալ պատկերացման ձևավորմանը: