Մայիսի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի «Моя Армения возродившаяся из пепла» («Վերածնված Հայաստան՝ Դեր Զորից Սարդարապատ») ռուսերեն գրքի շնորհանդեսը։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման կարևորությունը և գրքում արծարծված թեմաների արդիականությունը։

Շնորհանդեսին ներկա էին գրքի տպագրման հովանավոր Ուկրաինայի հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Երվանդ Դանիելյանը, ինչպես նաև Հայկական գրասենյակի տնօրեն Հրաչյա Դանիելյանը։ Երվանդ Դանիելյանը, շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի դերակատարման համար, նրան պարգևատրեց  շնորհակալագրով և մեդալով։ Շնորհակալագրի և մեդալի արժանացավ նաև գրքի հեղինակ Սեդա Գալստյանը։

Թանգարանի գործունեությանը նպաստելու և հավաքածուները համալրելու համար թանգարանի կողմից շնորհակալագրի արժանացավ Երվանդ Դանիելյանը։

Շնորհանդեսի հատուկ հյուրերի թվում էին նաև Արկադի Տեր-Թադևոսյանի որդին, ընտանիքի անդամները, ԵՊՀ Հայաստանի և հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, «Կոմանդոս» ջոկատի հրամանատար գնդապետ Արա Մուրադյանը։