Մարտի 13-ին «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Զարուհի Հակոբյանի բանախոսությունը՝ «Քրիստոնյա արևելքի վաղագույն սրբավայրերը և սրբերը. Սբ․ Թեկղա նախավկա» թեմայով։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանը, ով ընդգծեց, որ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցահանդեսը ոչ միայն հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալու բացառիկ նմուշներին, այլև հարթակ է ստեղծում մասնագիտական քննարկումների համար։ Նա նշեց նաև վաղքրիստոնեական ժառանգության ուսումնասիրման կարևորությունը՝ հատկապես Մերձավոր Արևելքի և Հայաստանի մշակութային կապերի համատեքստում։
Բանախոսն անդրադարձավ Մերձավոր Արևելքի վաղքրիստոնեական մի քանի հայտնի սրբերին և սրբավայրերին, ինչպես նաև ուխտագնացների կողմից ձեռք բերվող առանձնահատուկ առարկաներին՝ տափաշշերին ու դրանց վրա առկա պատկերներին: Հատուկ անդրադարձ եղավ Սբ․ Թեկղա նախավկայի պաշտամունքի տարածմանը Մերձավոր Արևելքում և Հայաստանում՝ ի դեմս վաղմիջնադարյան հայկական քանդակում սրբուհու կերպարի «նորահայտ» օրինակների:
Միջոցառման ավարտին բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին։










