Ժողովրդի պատմությունն ապրում է ոչ միայն պաշտոնական փաստաթղթերում և գիտական ուսումնասիրութուններում, այլև ընտանեկան արխիվներում։ Երբեմն ամենասովորական իրերը և դրանց ետևում հյուսվող պատմություններն ասում են այն, ինչ «մեծ» պատմությունը չի հասցնում կամ չի ուզում ասել։
Փետրվարի 28-ին, «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության ամփոփման և փակման շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Արմինե Տեր-Ղևոնդյանի բանախոսությունը՝ «Փոքր պատմությունները՝ մեծ պատմության համար» խորագրով։
Ըստ բանախոսի՝ իրենց ընտանիքի նյութական ժառանգության հարուստ լինելը հիմնականում ունի երկու պատճառ։ Նրա ծնողները գիտության ոլորտից էին և գիտակցում էին, որ եթե ինչ-որ բան չգրանցվի, չպահպանվի, ապա հետագայում կարող է պարզապես չլինել դրա գոյության ապացույցը։ Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ այն մարդիկ, որոնց հավաքական պատմությունը ֆորմալ կերպով ներկայացված չէ, հաճախ սկսում են անհատապես մտածել իրենց արխիվի մասին։ Դա ինքնապաշտպանության ձև է, որը պատահում է տեղահանվածների, բռնության ենթարկվածների, կորուստ ապրած մարդկանց հետ։
«Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրությունը մեծ ծրագրի մեկնարկ էր, որը հետագայում կներառի բազմաթիվ այլ ընտանեկան ժառանգություններ։
Արմինե Տեր-Ղևոնդյանը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց Այնթապի ասեղնագործ նմուշ։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ նաև «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակներում նկարահանված ֆիլմի դիտում։







