Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր խոսքում կարևորեց աշխատության հրատարակումը, նշելով, որ գիրքը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիր է ներկայացնում, այլ նաև վտանգված հուշարձանների փաստարկման, վավերագրման և այս աշխարհին հասանելի դարձնելու մասին է։
Խոսքով հանդես եկան նաև գիրք-ալբոմի համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը, նշելով, որ պատմական Սյունիքի և ԼՂ-ի մի տարածքի պատմամշակութային հուշարձանների ամբողջական համապատկերը ներկայացնող այս աշխատությունը հայկական ժառագությունն անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին։
Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։