Ապրիլի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ» խորագրով առցանց ցուցահանդեսի շնորհանդեսը, որն իրականացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։
Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ելույթում նշեց, որ նախաձեռնությունը սկսվել է դեռ 2020 թ․ նոյեմբերից և այսօր արդեն որոշակի ձևաչափով ներկայացվում է հանրությանը։ Տնօրենը հավելեց նաև, որ ցուցադրությամբ խնդիր է դրվել ոչ միայն խոսել պատերազմի մասին, այլև ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին։
Խոսքով հանդես եկավ նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, ով նշեց, որ նվիրական այդ առաքելությանը միանալն իրենց համար մեծ պարտավորություն է։
Հայաստանի պատմության թանգարանի «Նոր և նորագույն պատմության» բաժնի վարիչ Սեդա Գալստյանը կարևորեց ցուցահանդեսի գաղափարը՝ ընդգծելով, որ ապագա սերունդները պետք է իմանան մեր հերոս տղաների սխագործությունների մասին, նրանց հայրենասիրությունը պետք է վարակիչ լինի բոլորիս համար։
Իրենց սրտի խոսքն ասացին նաև զոհված հերոսների ծնողները՝ պատմելով իրենց զավակների անավարտ երազանքների և կիսատ թողած գործերի մասին։
Առցանց ցուցահանդեսը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ
https://historymuseum.am/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%aa%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0aQUaYLwbAHKDN5LSYudzeLn9XI5qejrVfKVAb_kh2PX2V6u9h13UEG_I_aem_AY20515vW32SksoIEG4npkIJHQJ9OI5GbbLr1ZdjJLA-qdb6nxF3Nlu2jjucXFiy6XgBOvmbk62ChZkN37WufaoZ