Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցադրության բացում՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին, որն իրականացվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին նաև Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, նշելով, որ ցուցադրության մեջ առկա են իրեր, որոնք թանգարանին նվիրել է հենց սպարապետի ընտանիքը, և դրանք հետագայում կներառվեն թանգարանի մշտական ցուցադրության մեջ։ Նա նշեց, որ համատեղ կազմակերպված այս ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է այցելուների համար՝ հաղորդակցվելու սպարապետից մեզ մնացած այս կարևոր մասունքներին։

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Պատմության թանգարանին նախաձեռնության համար, ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի սրտում և օրինակելի կերպար է սերունդներ դաստիարակելու համար։ Այնուհետև նա թանգարանին նվիրեց Վ․ Սարգսյանի գրիչը։

Սպարապետի մասին խոսեցին և հուշեր պատմեցին նաև նրա հարազատներն ու ընկերները։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։