Հայաստանի պատմության թանգարանի գրադարանը հիմնվել է 1921-1922թթ. Կովկասի հայոց ազգագրական ընկերության հիմնադիր և ղեկավար Երվանդ Լալայանի ջանքերով: Այդ թվականներին Թբիլիսիից Երևան է փոխադրվել ընկերության հարուստ հայագիտական գրադարանը, որը տարիների ընթացքում համալրվել է բազմաթիվ արժեքավոր գրքերով: Այստեղ պահվում է շուրջ 60. 000 գիրք և ամսագիր:
Գրադարանին կից գործում են նաև հնատիպ գրքերի ֆոնդը և մամուլի բաժինը: Հնատիպ ֆոնդում պահվում են 1512-1850թթ. տպագրված գրքեր (ոչ միայն հայերեն, այլ նաև օտար լեզուներով), ինչպես նաև ձեռագրեր:
Գրադարանում են պահվում այբբենական և թեմատիկ կարգով ստեղծված ազգագրական, հնագիտական, մշակութային և կենսագրական կատալոգներ, թեզիսներ, օրացույցներ և այլն:
Գրադարանի վարիչներ են եղել Թերեզա Ղազարյանը (1942-1974թթ.), Սուսաննա Ռուստամյանը (1974-1988թթ.) և Ռոզա Վարոսյանը (1989 թվականից մինչ օրս):