ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ազգագրական հավաքածու

Ազգագրական հավաքածու

Պղնձի հավաքածուում  պահվում է Հայաստանի պատմության թանգարանի պղնձե առարկաների հարուստ ու բազմաբովանդակ հավաքածուն։ Այն ներառում է XVII-XX դարի սկզբներով թվագրվող բազմապիսի առարկաներ՝ խոհանոցային կամ ճաշի սպասք՝ սկուտեղներ, ափսեներ, մատուցարաններ, կենցաղային սպասք՝ կովկիթներ, կաթսաներ, ջրամաններ, ինչպես նաև արարողածիսակարգային սպասք՝ կոնքեր, քշոցներ և այլն։

Հավաքածուի ուշագրավ նմուշներից է Ջուղայի սկուտեղը, որը պատրաստվել է Կուռճի վարպետի ձեռքով 1477թ․ և օգտագործվել որպես սեղան։

Փայտի հավաքածուում պահվում են փայտե փորագրված նմուշներ, հախճապակե առարկաներ և աշխատանքային գործիքներ (Լոռի, Գեղարքունիք, Սեբաստիա, Կարին, Իջևան, Կուտինա. Ն. Ջուղա և այլն):

Գործվածքի հավաքածուում պահվում են գորգահյուս և կարպետահյուս առարկաներ` գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, խուրջիններ, աղաքսակներ, ձիու թամբի ծածկոցներ և կիրառական նշանակության այլ առարկաներ: Ժամանակագրորեն պահոցի նմուշները վերաբերում են XVI դարից մինչև XX դարի II կեսն ընկած ժամանակահատվածին։ Հավաքածուում ներկայացված են ինչպես ապարանքների և եկեղեցական կառույցների հարդարանքի մաս կազմող գորգեր, նշանավոր անձանց  պատվերով պատրաստված նմուշներ, այնպես էլ հայկական կենցաղի անբաժանելի մաս կազմող առարկաներ։ Սյունիք-Արցախի, Լոռվա, Նախիջևանի, Գանձակ-Գարդմանի, Տավուշի, Վասպուրականի, Բաղեշի նահանգի, Բարձր Հայքի, Փոքր Հայքի, Շիրակի բրդյա, բամբակյա, մետաքսյա գործվածքները ներկայացված են հայտնի արծվագորգերով, վիշապագորգերով, բուսական և երկրաչափական զարդամոտիվներով հարդարված գորգերով, ինչպես նաև պարզ ու բարդ եղանակով գործված կարպետներով։ Նմուշները աչքի են ընկնում իրենց գունագեղությամբ, հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով։

Զենքի հավաքածուում պահվում է Հայաստանի պատմության թանգարանի XIX- XX դարի կեսերով թվագրվող զենքի հարուստ հավաքածուն, որը բաժանվում է հիմնականում երկու խմբի՝ հրազեն` կայծքարե հրացաններ, ատրճանակներ և սառը զենք՝ թրեր, սրեր, դաշույններ։ Ուշագրավ է, որ նշված ժամանակահատվածում զենքը նաև տղամարդու տարազի անբաժան մասն էր կազմում և ըստ այդմ ուներ ոչ միայն կիրառական, այլև գեղագիտական նշանակություն։ Այս տեսանկյունից ուշադրության են արժանի թրերի/սրերի արծաթապատ-սևադազարդ դաստակներն ու պատյանները։ Հայ վարպետները (Գրիգոր Բադամյանց, Փաշիկ Չիֆթալարյան և այլք), լինելով բարձրակարգ զինագործներ, միաժամանակ ստեղծել են կիրառական ավեստի բարձրարժեք նմուշներ։

Լուսանկարների հավաքածուում պահվում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբի կենսընթացը լուսաբանող ազգագրական-վավերագրական լուսանկարների հարուստ հավաքածու (շուրջ 11000 լուսանկար), այդ թվում՝ թանգարանի ազգագրական գիտարշավների ժամանակ արված լուսանկարներ, կոլեկցիոներների նվիրատվություններ, առանձին ձեռքբերումներ։ Հավաքածուում ընդգրկված են ինչպես տաղավարային այնպես էլ վավերագրական լուսանկարներ, որոնք դրանցում պատկերված մարդկանց կյանքն ու կենցաղը (հագուստ, հարդարանք, սոցիալական կարգավիճակ, սովորույթներ, ծեսեր և այլն) լուսաբանող կարևոր սկզբնաղբյուրներ են։

Հավաքածուի ամենավաղ թվագրությամբ լուսանկարները դիմանկարներ են կամ  տաղավարային լուսանկարներ, որոնք կրում են լուսանկարչատան դրոշմը, երբեմն նաև լուսանկարչի անունը, քաղաքի անունը, թվականը և այլ մանրամասնություններ։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում բացիկ-լուսանկարները և հուշանվեր-լուսանկարները` իրենց գրություններով։