Անին, բնակեցված լինելով հնագույն ժամանակներից, բացառիկ կարևորություն է ձեռք բերում միջնադարում` 961թ. հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք։ Այն ոչ միայն երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոնն էր, այլև կարևոր միջավայր քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման համար: Անիի պատմության և մշակույթի ուսումնասիրության ու հանրահռչակման գործում նշանակալի ներդրում էին 1892-1893 և 1904-1917թթ. Ն. Մառի գլխավորած հնագիտական պեղումները: Անիի հնագիտական արշավախումբը դարձավ այն դպրոցը, որտեղից դուրս եկան անվանի գիտնականներ Հ. Օրբելին, Ն. Բունիաթյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը և ուրիշներ։
Հայաստանի պատմության թանգարանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանը մայիսի 29-31-ը կազմակերպում են «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Անիի պեղումների 120-ամյակին, ինչպես նաև երեք ականավոր հետազոտողների հոբելյաններին՝ արշավախմբի ղեկավար Ն. Մառի 160, Անիի ճարտարապետության նշանավոր հետազոտող և արշավախմբի աջակից Թ. Թորամանյանի 160, և արշավախմբի առանցքային անդամներից մեկի ու Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Ա. Քալանթարի 140-ամյակներին։
Զեկուցման թեմաները պետք է վերաբերեն Անիի պատմության, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը, ընդգրկեն հետևյալ թեմաները կամ հարակից ոլորտները՝ պատմություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/x3VqhRsSBWcTd9WCA
Աշխատանքային լեզուները՝
Ժամանակացույց՝
▪️ Մայիսի 1՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ
▪️ Մայիսի 8՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ
▪️ Մայիսի 15՝ ծրագրի հրապարակում
▪️ Մայիսի 29-31՝ գիտաժողով
▪️ Հուլիսի 1՝ հոդվածի տրամադրում։
Արտասահմանում գտնվող մասնակիցները գիտաժողովին կարող են մասնակցել նաև առցանց։