Հավերժի ճամփորդները՝ Արամ Պապյան
Արամ Հրաչիկի Պապյան
( 06.02.1973 – 17.10.2020 )
Արամ Հրաչիկի Պապյան, ավագ լեյտենանտ, դասակի հրամանատար (1973 թ. փետրվարի 6, Սյունիքի մարզ, ք. Քաջարան – 2020 թ. հոկտեմբերի 17, Քաշաթաղի շրջան, գ. Այգեհովիտ):
Սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Արամը յուրահատուկ ընդունակություններ ուներ ճշգրիտ առարկաների գծով, հատկապես մաթեմատիկայի: 1989-1994 թթ. ուսումը շարունակում է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1994 թ. զորակոչվում է բանակ, ծառայում որպես սպա: Որպես հրետանավոր` մասնակցում է Արցախյան առաջին պատերազմին և զորացրվում է որպես լեյտենանտ: 1997 թ. աշխատանքի է անցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` սկզբում որպես փականագործ, կարճ ժամանակ անց ՝ արտադրամասի գլխավոր ինժեներ: 2009-2013 թթ. աշխատել է ԶՊՄԿ-ի կապիտալ շինարարական բաժնում` որպես ինժեներ-մեխանիկ: 2013-2018 թթ. արդեն աշխատել է ԶՊՄԿ-ի արտադրական բաժնում` որպես գլխավոր մասնագետ: 2017 թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր մեխանիկի տեղակալն էր: Պատերազմի առաջին օրից որպես պահեստազորային սպա, դասակի հրամանատար` կամավոր մեկնում է ռազմաճակատ` նախ Սյունիքի սահմաններ, հետո՝ Արցախ: Նա տարբերվող էր մարդկանց մեջ «Մարդ» տեսակով, և տարբերվող էլ հեռացավ մեզանից: Ցավոք, Արամն անմահանում է հոկտեմբերի 17-ի գիշերը Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Երազանքը՝ տղայի մեջ տեսնել այն դրականը, ինչ ստացել էր իր մեծերից: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով: